Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-եվրոպական «նվեր». «Հայկական ժամանակ»

Հունիս 20,2015 10:59
haykakan jamanak

Վերջին օրերին հեռավոր Բելգիայից, Ֆրանսիայից իսկ երեկ նաեւ Ավստրիայից ստացվում են տեղեկություններ, որոնք կարող են խիստ բացասական ազդել Հայաստանի սոցիալ-տնտեսական առանց այդ էլ վատ վիճակի վրա:

Հունիսի 17-ի երեկոյան ռուսական լրատվական գործակալությունները տագնապալի տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Բելգիայում տեղակայված, Ռուսաստանի պետական սեփականություն հանդիսացող բոլոր հիմնարկությունները դատական կատարածուներից ստացել են ծանուցում այն մասին, որ նրանց պատկանող գույքը այլեւս կալանքի տակ է: Մի քանի ժամ անց՝ նույն տեղեկատվությունը ստացվեց նաեւ Ֆրանսիայից, իսկ երեկ արդեն Ավստրիայից: Լրատվական գործակալությունները հայտնեցին, որ դա պայմանավորված է «Յուկոսի» հետ կապված խնդիրներով: Ավելի քան 10 տարի առաջ ՌԴ իշխանությունները պետականացրեցին ռուս հայտնի մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկուն եւ մի քանի այլ բաժնետերերի պատկանող «Յուկոս» ընկերությունը: Բաժնետերերը, անցնելով ռուսական դատական ատյաններով, գործը, ի վերջո, հասցրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ամիսներ առաջ վճիռ կայացրեց հօգուտ «Յուկոսի» բաժնետերերի եւ ճանաչեց այդ ընկերության պետականացումը որպես ապօրինի գործարք: Այդ վճռով ՌԴ կառավարությունը պետք է 50 միլիարդ դոլար վճարի «Յուկոսի» նախկին բաժնետերերին: Վճարման համար հատկացված ժամկետը արդեն լրացել է, ՌԴ կառավարությունը գումարը չի վճարել, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներում գտնվող, ՌԴ-ին պատկանող գույքը եւ բանկային հաշիվները կարող են բռնագրավվել: Պետք է բռնագրավվի այնքան գույք ու հաշիվ, որպեսզի լրացվի վերը նշված 50 միլիարդ դոլարը՝ գումարած այս ընթացքում դրա վրա եկած տոկոսները: Եւ ահա, Բելգիայում, Ֆրանսիայում ու Ավստրիայում արդեն իսկ սկսվել է գույքի բռնագրավվման գործընթացը: Գնալով՝ իրավիճակը ավելի է լրջանում:

Թվում է, թե հեռավոր Եվրոպայում տեղի ունեցող այս իրադարձությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ: Իրականում, սակայն, ազդեցությունը կարող է լինել բավականին ուժեղ եւ ցավոտ: Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը սնուցող «թթվածնի» հիմնական մասը գալիս է հենց Ռուսաստանից, ուր արտագնա աշխատանքի են մեկնում մեր հայրենակիցները: Խոսքը նրանց ուղարկած տրանսֆերտների մասին է, որոնց ընդհանուր ծավալը համեմատելի է մեր երկրի տարեկան բյուջեի հետ: Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների հիմնական մասը աշխատում է այնպիսի ընկերություններում, որոնք շինարարություն են իրականացնում ՌԴ պետական բյուջեի միջոցներով: Եթե Ռուսաստանը ճար չգտնի ՄԻԵԴ-ի վճռով սահմանված 50 միլիարդ դոլարի վճարումը կասեցնելու համար, ապա այլ ելք չի մնա, քան «Յուկոսի» բաժնետերերին վճարել այդ գումարը: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ ՌԴ-ին մանեւրելու հնարավորությունները այնքան էլ շատ չեն: Իսկ վճարումը կատարվելու է Ռուսաստանի պետական միջոցներից՝ պետական բյուջեից, «Կայունության ֆոնդից» կամ արտաքին պահուստներից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հենց այդ նույն աղբյուրներից են ֆինանսավորվում նաեւ այն աշխատանքները, որոնց ներգրավվում են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930