Քիչ առաջ «Ազատության» հրապարակում երկխոսում էին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ «Ոչ թալանի» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Վերջինս Վալերի Օսիպյանին ասում էր, որ իրենց նախաձեռնած հանրահավաքը նախատեսված ժամին՝ 23:00 ավարտվել է, այժմ հրապարակում մեկնարկած նստացույցը ժողովրդի ցանկությամբ եւ ինքնաբուխ է: Նա նշեց, քանի որ նստացույցն ի սկզբանե նախատեսված չէր, անպատրաստ էին. մի քանի րոպե տեւած հանգանակության արդյունքում հավաքված գումարով նա կարողացել է գնել առաջին անհրաժեշտության իրերը:
Մաքսիմ Սարգսյանը Վալերի Օսիպյանից նաեւ պահանջում էր խոստովանել, որ ինքը չի դիմել Վալերի Օսիպյանին, որ հանրահավաքին անվադողերով եկած մասնակիցներին հեռացնեն հրապարակից: Վալերի Օսիպյանը պնդում էր, որ Մաքսիմ Սարգսյանն իրեն ասել է, որ ինքը չի կարող կառավարել իրավիճակը, դրանով ոստիկանությունը թող զբաղվի:
«Մենք պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը, նրանք, ովքեր կփորձեն խախտել հասարակական կարգը, կարգի կբերենք,- ասաց Վալերի Օսիպյանը: Մաքսիմ Սարգսյանն էլ դիմելով նրան՝ ասաց, որ ոստիկանությունը թող հավաքվածների հետ որեւէ առնչություն չունենա, սադրանքների չդիմի: «Խնդրում եմ, որ ոստիկանությունը առանց սադրանքների ապահովի այստեղ հավաքվածների անվտանգությունը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Երեւանի փոխոստիկանապետը նշեց, չնայած որ նախատեսված հանրահավաքի ժամն արդեն անցել է, ոստիկանությունը չի միջամտի նստացույցին, քանի որ այն խաղաղ բնույթ է կրում, սակայն ցանկացած անկարգության ու անհնազանդության դեպքում, միջամտելու են: Օսիպյանը նշեց, որ տարածքը պետք է մաքուր պահել, այստեղ վրաններ չտեղադրել:
Մաքսիմ Սարգսյանը փոխոստիկանապետին ի պատասխան նորից հիշեցրեց, որ իրենց հանրահավաքն ավարտվել է ու ավելացրեց. «ՀՀ քաղաքացին ունի նստացույց անելու իրավունքը, չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ ոստիկանությունը լավություն է անում մեզ»: Հետո նա նշեց, որ իրենք այստեղ են իրենց իրավունքները պաշտպանելու եւ ոչ թե անկարգություններ անելու համար, իրենք չեն նախատեսում խաթարել հասարակական կարգը:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշել է իր նստացույցն անցկացնել մինչեւ երկուշաբթի, նախաձեռնության անդամները չեն բացառում, որ գուցե այն շարունակվի նախագահականի դիմաց, մինչեւ երկրի ղեկավարները հետ չկանգնեն էլեկտրաէներգիայի թանկացման իրենց որոշումից:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի