Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդաշնակության մեր տերը

Հունիս 20,2015 17:00

Մի օր ես տեսա ժամանակը, թեեւ ժամադրված չէի: Հանդիպեցի անսպասելի, երբ տասնմեկ տարեկան էի եւ մեր Սեւուկ ձիով հաց էի տանում հորս` սարերը: Տեսա ու վախեցա` երբ ձորերը կապած մշուշից դուրս ելա դեմ դիմաց: Նա վերեւում էր, ես` ներքեւում, կիսով մշուշի մեջ…

Եվ նա ժամանակն էր կամ, գուցե, ժամանակի Տերը: Այդ պահին ես չհասկացա էլ, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց հստակ, շոշափելի զգացի, թե ինչպես են բուրում ծաղիկները:
Հետո ինչ-որ զարմանալի մի միտք պարուրեց ինձ. ինչո՞ւ են ծաղիկները իրենց բույրը տալիս աշխարհին, չէ՞ որ իրենցից ոչ ոք բույր չի խնդրում: Ինչո՞ւ եւ ո՞ւմ համար են ջրերը կարկաչում, ո՞վ է նրանց սովորեցրել եւ ո՞վ է սովորեցնում երեխաներին հարգել ծնողներին: Ի՞նչ է վախը, եւ ինչի՞ց է, որ վախենում ենք:

Շարունակելով տագնապահար մտածել` ես հստակորեն լսում էի սարերի ձայնը, եւ նրանք խոսում էին իրար հետ, բան էին պատմում մշուշների մասին, իսկ իմ դիմաց՝ վերեւում Նա էր: Եվ ես կախարդվածի պես նայում էի Նրան: Նա մեծ ու կանաչ աչքեր ուներ, հագին՝ հնամաշ, ծանր շորեր, ուսին՝ հրացան, կողքին` ոտքերի մոտ, մի մեծ շուն: Նա ինձ չէր տեսնում, իմ գլխի վրայով նայում էր մառախուղի մեջ թաղված սարուձորերին, եւ Նրա հայացքից ես զգում էի, որ աշխարհն էր տեսնում, եւ որ ինքն այդ աշխարհի Տերն էր:
Նրա թիկունքում հորիզոնն էր: Կիսաբաց շուրթերին անխոս կանչ կար եւ անբարբառ խոսք, եւ երբ ինձ թվում էր, թե հիմա, հիմա, ուր որ է՝ կհասկանամ, թե ում է կանչում Նա, եւ ում հետ է խոսում, իմ ձին խլշտորեց եւ ետ իջավ մշուշները…

Բայց ծաղիկները առաջվա պես շարունակում էին բուրել, եւ բուրմունքի հորձանքը ինձ հասցրեց հեռու արձագանքող մի խոսք.

– Մի ստեղծիր քեզ համար թշնամիներ, որովհետեւ նրանք կսկսեն ղեկավարել քեզ` այս ատելության ու սիրո ձեռքերի վրա պահվող աշխարհում…

Հետո արդեն, երբ ես հաղթահարելով վախս՝ հասա մեր յայլաները ու պատմեցի հորս նրա մասին, հայրս ասաց, որ մեր սարերում այդպիսի մարդ չկա, ինքը երբեք չի տեսել: Բայց Նա կար, եւ ես տեսել էի Նրան, ու գիշերները քնելուց առաջ անընդհատ պատկերանում էր ինձ:

Հիմա էլ եմ տեսնում Նրան` այսքան տարիներ հետո, եւ փորձում եմ հասկանալ ու ճանաչել տեսանելի աշխարհն իր մեջ պարփակած նրա կանաչ աչքերի խորհուրդը, որը, չգիտես ինչու, այդքան ներդաշնակ էր բուրող ծաղիկների գույների եւ մշուշների հետ խոսող սարերի ձայնի հետ:

Այո՛, ես տեսել էի ժամանակի Տիրոջը, որը հոսելով մեր արյան միջով` անցնում է մեր զավակներին: Նա է, որին մենք չենք ճանաչում, բայց զգում ենք, որ կա: Նա է, որ թշնամուն տեսնում է հեռվից եւ թույլ չի տալիս մոտենալ ու կառավարել իրեն: Չգիտեմ, գուցե հայրս էլ է իր մանկության տարիներին տեսել Նրան, բայց Ժամանակը` ինքը ջնջել էր ինքն իրեն հորս հիշողությունից:

Նա երկրի մեր չգիտակցված Տերն է:

Խոսի՛ր, ի՞նչ է անունդ, մեր փնտրած Ներդաշնակության Տեր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930