Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսյան ջրհեղեղի դասերը

Հունիս 20,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման
քննարկում են «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հ/կ նախագահ Թրահել Վարդանյանը:

Արամ Աբրահամյան.– Հայտնի է, որ բնական աղետներն ունեն իրենց մարդկային եւ բնական բաղադրիչները: Ո՞րն էր Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության մարդկային գործոնի դերը:

Կարինե Դանիելյան.– Խնդիրն այն է, որ մարդկային եւ բնական գործոնները խիստ կապված են, եթե մարդը հաշվի չի առնում փոփոխվող բնական գործոնները, ապա դրանք նույնպես մարդկային են դառնում:

Ա. Ա.– Իսկ ի՞նչն է փոփոխվել:

Կ. Դ.– Փոխվում է կլիման, դա ոչ միայն ջերմաստիճանի միջին բարձրացումն է, դա նաեւ կլիմայի ապակայունացումն է, փոխվում է գլոբալ էկոհամակարգը, եւ մենք կարող ենք ամենաանսպասելի երեւույթների հանդիպել, կարող է հունիսին այնպիսի հորդառատ անձրեւ լինել, նույնիսկ ձյուն՝ ամռանը: Միակ բանը, որ մեզ կարծես թե չի սպառնում, ցունամին է, քանի որ ծովից հեռու ենք: Այնպես որ՝ այս երեւույթները խիստ կապված են: Ինչպես որ Թբիլիսիի փորձը ցույց տվեց, քաղաքաշինությունը հաշվի չի առել կլիմայի այդ փոփոխությունը:

Ա. Ա.- Թբիլիսիի մեր բարեկամները ի՞նչ սխալ բան են արել՝ ըստ Ձեզ:

Կ. Դ.– Այն, որ իրենք արդեն հայտարարեցին նրա մասին, որ փաստորեն Վերե գետը վերցվել է խողովակի մեջ, եւ նրա մի մասում կառուցվել է ավտոմայրուղի, եւ ստացվել է այնպես, որ բավականին հորդառատ անձրեւ է եղել, եւ ոչ միայն: Քանի որ ուժեղ քամի է եղել, եւ սողանք է սկսվել, եւ ջուրը իր հետ բերել է արմատախիլ արված ծառեր, խցանվել է այդ խողովակը:

Ա. Ա.– Դուք ի՞նչ կարող եք ասել այդ ողբերգության մարդկային գործոնի մասին:
Թրահել Վարդանյան.- Իհարկե, ողբերգությունը բոլորիս ցավն է, նաեւ այն մեր հայրենակիցների, որոնք զոհվեցին աղետի պատճառով: Այսօր Երկրագնդի վրա, եւ ոչ միայն Հայաստանում կամ Վրաստանում, այդ կատակլիզմները չափից ավելի մեծացել են: Շատ ժամանակ ասում են՝ լրատվամիջոցներն առաջ թաքցնում էին, իսկ հիմա հայտնում են, բայց դա այդպես չէ: Իրականում այսօր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երկրագնդի վրա ցանկացած կետում մարդն անզոր է դարձել պայքարելու բնության այդ բնական աղետների դեմ: Նախկինում այն աղետները, որոնք նկատվել են այս կամ այն վայրերում, դրանք եւ հաճախականությամբ, եւ ուժգնությամբ ավելի են մեծացել՝ ավելի մեծ վնաս տալու առումով: Բայց բոլորի հիմքում մարդն է, մարդու տնտեսական գործունեությունն է, այսինքն՝ մարդը աշխատում է, պայքարում է, որպեսզի լավ ապրի, լավ պայմաններ ստեղծի, բայց կարող է ստացվել ճիշտ հակառակը:

Ա. Ա.- Կոնկրետ գետը փակել են՝ վա՞տ է:

Թ. Հ.– Ես չեմ կարող ասել եւ դժվար է միանշանակ գնահատական տալ, որովհետեւ այսօր փաստերը հետազոտվում են, եւ եթե մենք կապենք միայն գետի փակման փաստի հետ, կարող է եւ սխալվենք, որովհետեւ այնտեղ եղել են նաեւ այլ կառույցներ, որոնք չպետք է լինեին:

Ա. Ա.– Ի՞նչ կառույցներ:

Թ. Հ.– Այո, ինչ-որ բաներ են կառուցել, փակել այդ ճանապարհը եւ նման տիպի շինարարական աշխատանքներ են եղել ավազանում, որի մասին վերջնականապես մենք չենք կարող ասել՝ մանրամասն ինֆորմացիա չունենք:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930