Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության ենթարկված սեւազգեստ մայրերի գործը ՀՔԾ-ում յուրօրինակ ընթացք է ստանում

Հունիս 20,2015 16:00

Որդեկորույս մայրերին համոզում են ոստիկանների դեմ ոչինչ չգրել

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սեւազգեստ մայրերի դեմ ոստիկանների բռնության գործերով ՀՔԾ-ում քննություն է ընթանում: Այն բավականին հետաքրքիր ընթացք է ստացել: «Առավոտի» հետ զրույցում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, տեղեկացրեց, որ օրեր առաջ իրեն եւ որդեկորույս մայրերից Նանա Մուրադյանին հրավիրել են ՀՔԾ: Մեզ հետ զրույցում տիկին Իրինան տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում իրենց գործով զբաղվող Թադեւոսյանը իր հետ զրույցում փորձում էր համոզել, թե ոստիկանների դեմ բաներ չգրի՝ նշելով, թե մի տուժողը դուք եք, մյուս տուժողը՝ ոստիկանը, ի՞նչ ունեք իրար հետ կիսելու: Թադեւոսյանը տիկին Իրինային հայտնել է, որ դեռ հանդիպումներ կունենան, կզրուցեն:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին նախագահական նստավայրի դարպասի մոտից որդեկորույս մայրերին քաշքշելով, հրելով եւ հարվածելով հեռացրել են, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Նշենք նաեւ, որ այս դեպքը ամենեւին էլ ոստիկանների համար դաս չի եղել: Երեկ էլ կրկին նախագահականի դիմացից շղթա կազմելով փորձել են հեռացնել սեւազգեստ մայրերին, ինչի պատճառով կտրուկ վատացել է Իրինա Ղազարյանի ինքնազգացողությունը: Կնոջ առողջությունը տուժել էր նախորդ քաշքշուկի պատճառով: Տիկին Ղազարյանը մեզ պատմեց նաեւ, թե ինչպիսի արհամարհալից վերաբերմունքի են արժանացել շտապօգնության աշխատակիցների կողմից: Նախ՝ շտապօգնությունը ժամանել է բավականին ուշ, այնուհետեւ սեւազգեստ մայրերին մտցրել են շտապօգնության մեքենա ու անհարգալից ասել, թե իբր շորերն ինչո՞ւ չեն հանել եւ այլն, հետո էլ հավելել. «Սերժից վախում եք, Սերժի հետ ոչինչ չեք կարող անել, եկել եք, մուռդ ինձ վրա՞ եք թափում»: Տիկին Ղազարյանը նշեց, որ հաջորդ շտապօգնության մեքենայի բժիշկն ու բուժքույրը հարգալից են եղել, այժմ իր առողջական վիճակը կայուն է: Նա գոհ էր նաեւ ոստիկանների վերաբերմունքից, բայց միայն այն ժամանակ, երբ ինքը վատ է զգացել իրեն, եւ ոստիկանները ջուր են բերել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել