Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նոր թեզը. եթե միսը, կաթը թանկանում են, ուրեմն պիտի թանկանան նաեւ բենզինը, ծխախոտը, դիզվառելիքը

Հունիս 20,2015 15:30

ՀՀԿ-ականները գնալով հանգում են Գալուստ Սահակյանի տրամաբանությանը՝
մսի թանկացումն ամեն ինչի հետ կապ ունի

Խորհրդարանում հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների կողմից բավականին թեժ քննարկումների արժանացավ կառավարության՝ «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Բանը հասավ նրան, որ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ լսելով, որ դրույքաչափերը համապատասխանեցնում են ԵՏՄ-ում գործող դրույքաչափերին, նետեց, թե «ԵՏՄ-ամետ» չկա, ձնագնդի եք սարքում…»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են ՀՀԿ խմբակցության անդամները դեմ այս թանկացմանը, պատասխանեց. «Թանկացմանը բոլորն են դեմ, իսկ տնտեսական ակտիվության ապահովմանը բոլորը կողմ են»:
Մեր դիտարկմանը՝ Գալուստ Սահակյանն ասում էր , որ եթե միսը թանկանում է, կաթը թանկանում է, բնական է, որ պիտի էլեկտրաէներգիան էլ թանկանա, հետեւաբար ի՞նչն է խանգարում, որ մսի ու կաթի թանկացման հետ կապված ծխախոտը, գազն ու օղին էլ թանկանան՝ Գագիկ Մելիքյանը զարմացավ. «Ձեր տրամաբանությունը ընդհանրապես տնտեսական առումով չեմ գնահատում»:

Մեր դիտարկմանը, որ դա մեր տրամաբանությունը չէ, Գալուստ Սահակյանինն է, նա պատասխանեց. «Գալուստ Սահակյանը նման բան չի ասել, նա միայն մսի թանկացման մասին է խոսել: Միսն ու կաթնամթերքն իրար հետ կապ ունեն»: Երբ պնդեցինք, որ Գալուստ Սահակյանն իսկապես ասել է նման բան, տեսանյութերն ունենք՝ Գագիկ Մելիքյանը փորձեց Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ շարժվել ու եկավ այս եզրակացության. «Մսի թանկացումը բենզինի, ծխախոտի գնի հետ կապ ունի: Միս եւ կաթնամթերք արտադրելու համար բենզին պետք է, նաեւ դիզվառելիք, նաեւ գազ: Ամեն ինչ պետք է, նաեւ՝ էներգիա»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին՝ բնական չի՞, որ ծխախոտն ու բենզինն էլ պիտի թանկանան, չէ՞ որ միսն ու կաթը թանկացել են, պատասխանեց. «Դրա համար մենք ունենք համապատասխան նախարարություն՝ էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկները կկատարի: Ընդհանրապես չարդարացված թանկացումներին դեմ ենք, իսկ օբյեկտիվ եւ բնական կարող են լինել թանկացումները, բայց դրան զուգահեռ պետք է լինեն որոշակի բարձրացումներ՝ աշխատավարձի կամ այլ կտրվածքով»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ այս թանկացումը կապ չունի՞ մսի, կաթի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր թանկացում կապված է մեկը մյուսի հետ, ընդհանուր առմամբ՝ այո»:

Թե ինչո՞ւ են ՀՀԿ-ականները դեմ, որ ծխախոտի, օղու, դիզվառելիքի, բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը բարձրանա՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք ընդհանուր առմամբ պարզաբանումներ էինք խնդրում եւ ազդեցությունից էինք հարցնում տարբեր ոլորտներում՝ գնաճի հետ կապված, արտագաղթի հետ կապված: Դրա համար ԱԺ-ում բավականին անհանգստություններ հնչեցին: Երկրորդը՝ մենք ուզում ենք, որ կառավարությունը ոչ թե արտահերթով շատ արագ բերի այդ նախագիծը, եւ մենք մեր հարցերի պատասխանները առանց ստանալու՝ քվեարկություն կազմակերպենք, այլ ուզում ենք, որ հիմնավորված ներկայացվեն դրանց ազդեցությունները, հիմնավորումներն ավելի պարզ լինեն, որպեսզի այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են քաղաքական ուժերի, մեր գործընկերների մոտ, դրանք փարատվեն: Այդ իսկ պատճառով մենք առաջարկություն արեցինք, որ առաջին ընթերցմամբ ընդունենք, մինչեւ աշուն հնարավորություն ունենանք օրենքը լավ ուսումնասիրելու, կառավարությունը աշխատի, եւ երկրորդ ընթերցման ժամանակ այդ խնդիրները լուծված լինեն»:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ կառավարության հիմնավորումները կաղում են. «Ես կցանկանայի հավելյալ մեկնաբանություններ ստանալ: Այն արդյունքը, որ նշված է, որ այս արդյունքի համար ենք ուզում, դա բավարար չէ: Ցանկացած նախաձեռնություն պետք է լավ կշռված լինի, եւ դա պետք է երեւա հիմնավորումներում: Բայց պետք է զերծ մնալ որոշակի որակումներից, էմոցիոնալ գնահատականներից, ճիշտ որոշում կայացնելու համար դա լավ ուղղություն չէ»:

Մեր հարցին՝ եթե ՀՀԿ-ն ԵՏՄ անդամակցությանը կողմ է եղել եւ քվեարկել, հիմա ինչո՞ւ է այս նախագծին դեմ, չէ՞ որ կառավարությունը պնդում է, որ ԵՏՄ անդամակցությունից է բխում ակցիզային դրույքաչափի բարձրացումը, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես համոզված չեմ, որ այն, ինչը հիմնավորումների մեջ կա, դա բացարձակ ճշմարտություն է: Իմ գործընկերն այդ հարցի պատասխանը տվեց, որ մենք Մաքսային միության մեջ ենք: Երբ որ բերում ես հարկային դրույքաչափ ես բարձրացնում, պատահական չէ, որ մյուս ապրանքների ԱԱՀ-ն ու դրույքաչափը ՌԴ-ում ավելի ցածր է, ինչո՞ւ չես բերում համապատասխանեցնում: Սա ձեւավորված ադաթ է, որ ուղղակի հիմնավորումները ներկայացվում են այն բանի համար, քանի որ դա օրենքի պահանջ է: Մենք պետք է ֆորմալ առումից ուշադրություն դարձնենք ու գնանք դեպի բովանդակություն: Այդ պարագայում ադաթը կփոխարինենք ավանդույթով: Քանի չենք արել սա, մնալու ենք ադաթի մակարդակին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930