Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել է ժամանակը, որպեսզի հայկական արխիվներին ուշադրություն դարձնի եվրոպացին»

Հունիս 20,2015 14:00

Ասում է գրող, հրապարակագիր, արվեստաբան Ռուբեն Անգալադյանը

«Մենք Չարենցին ենք Փարիզում տեսնում: Իսահակյանին, Սարյանին, Յակուլովին: Տեսնում ենք հակառակը՝ Կոստան Զարյանին, որը տեղափոխվեց սովետական Հայաստան, ապա՝ Փարիզ: Տեսնում ենք Էդգար Շահինն է Երեւանում, որը նվիրել է իր ողջ ստեղծագործությունները մեր պատկերասրահին»,- ասում է Ռուբեն Անգալադյանը՝ ներկայացնելով օրեր առաջ լույս տեսած «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը. Երեւան-Փարիզ» վավերագրություն-ալբոմը:
Այն ընդգրկում է 1915-1940 թվականները: Հեղինակից մեկ տարի պահանջվեց երկլեզու՝ ֆրանսերեն, հայերեն ուսումնասիրությունը ընթերցողի դատին հանձնելու համար:
Ըստ նախագծի ուսումնասիրման եւ ժողովման հեղինակ, գրող, հրապարակագիր, արվեստաբան Ռուբեն Անգալադյանի՝ 1915 թվականը Եղեռն էր խորհրդանշում, իսկ 1940 թվականով ավարտվում էր, քանի որ գերմանական զորքերը մտան Ֆրանսիա. «Այդ ժամանակահատվածում Ֆրանսիայի մայրաքաղաքը համաշխարհային մշակույթի մայրաքաղաքն էր, եւ հասկանալով ու պատկերացնելով, թե ինչքան շատ հայ մտավորականներ են ապրել եւ գործել Փարիզում, ցանկացա ներկայացնել: Որեւէ մեկն այս տեսանկյունով չի անդրադարձել խնդրին»:

Ruben_Angaladyan_1
Հեղինակի կարծիքով՝ սա «ունիկալ նախագիծ է», քանի որ այն փոխում է մեր մտածողությունը, գնահատականն ազգային մշակույթի մասին:

«Մենք միայն բառերով չենք ասում, որ համաշխարհային դեմքեր ունենք: Ես առանձին դեմքերի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ ամբողջական այդ ուղու մասին: Հայկական-գեղարվեստական, երեւակայական միտքն աշխատել է դարասկզբից մինչեւ 1940 թվականը՝ Փարիզում: Մենք տեսնում ենք որպես համակարգային մտածողություն: Սրանով ենք մենք մոտ եվրոպական մշակույթին, քանի որ նրանք էլ համակարգային մտածողություն ունեն: Մենք ցույց ենք տալիս, որ շատ հեշտությամբ ընդունում ենք նորը, գեղեցիկը, բարձրագույնը, եւ այնտեղ բացում ենք նոր ճանապարհներ»,- ասում է Ռ. Անգալադյանը:

Ովքեր են ընդգրկվել ուսումնասիրություն-ալբոմում, ինչ դեր են խաղացել նրանք ինչպես մինչպատերազմյան Ֆրանսիայում, այնպես էլ հայկական մշակույթի պատմության մեջ:
Ռ. Անգալադյանը նշում է, որ ընդլայնել է ցուցակը. Արթուր Ադամով, Անրի Թրուայա, Բերբերովա:

Տեղեկացնեմ, որ նկարների թիվը միայն 400 է, զուգահեռ կան արխիվային փաստաթղթեր, ձեռագրեր:

Ruben_Angaladyan_3
«Այստեղ կան մի շարք անուններ, որոնք ընդունված չեն, որ ընկալվեն որպես հայկական մշակույթի ներկայացուցիչներ: Չնայած, նույն մեր մշակույթը հեշտությամբ ընդունեց Սարոյանին, Ազնավուրին, որոնք, փաստորեն, հայերեն չեն գրել: Արթուր Ադամովը համաշխարհային աբսուրդ թատրոնի հայրերից մեկն է: Թատրոնում երեքն են եղել, երեքն էլ ստեղծագործել են Փարիզում, երեքից ոչ մեկը չի եղել ֆրանսիացի. մեկը իռլանդացի էր, մեկը՝ ռումինացի, եւ Ադամովը՝ հայ:

Երկու լուրջ թատրոն է այդ տարիներին գործել Փարիզում՝ Մոսկվայից տեղափոխված ստեղծագործողներն էին՝ Բալիեւի թատրոնը, եւ՝ Ժորժ Պիտոեւի, որը մինչեւ այսօր գործում է Շվեյցարիայում»,- մեր զրույցի ժամանակ ասում է Ռ.Անգալադյանը:
Գրքում մեծ տեղ է հատկացվել հայ նկարիչներին: Ըստ Ռ.Անգալադյանի, նրանք գնահատված են եղել Ֆրանսիայի կառավարության կողմից, գրեթե բոլորն արժանացել են «Պատվո լեգեոն» շքանշանի. «Մախոխյանը, Շաբանյանը, Գյուրջյանը, որոնք իրենց ստեղծագործական տաղանդով ոչնչով չեն զիջել, ավելին՝ մեծ նվաճումների են հասել հենց Ֆրանսիայում»:

Անդրադառնալով Մախոխյանին, հեղինակը նրա համար ասում է, որ հայտնի նկարիչ լինելուց բացի, նա ընկալվել է որպես վիրտուոզ ջութակահար:

Դեռեւս 1926 թվականին, հայ նկարիչները համախմբվեցին եւ ստեղծեցին բավական խոշոր միություն՝ Էդգար Շահինի նախագահությամբ: Վերջինը դարասկզբի Փարիզի ճանաչված գրաֆիկ նկարիչներից մեկն էր: Երկրորդ միությունը՝ «Ազատ ստեղծագործողների հայ միությունն» էր, իր կանոնագրով, ստեղծվել էր 1931 թվականին, ղեկավարը Ռաֆայել Շիշմանյանն էր, որն ամբողջական արխիվ է բերել Հայաստան:

Հեղինակի կարծիքով՝ իր առջեւ դրված խնդիրներից մեկը լուծվել է. որպեսզի հասկանալի լինի այն, որ ցեղասպանությունից հետո կամ հենց ցեղասպանության ժամանակ դուրս շպրտված ստեղծագործ հայկական զանգվածը գտել է Ֆրանսիայում մթնոլորտ, ստեղծագործելով. «Հայկական մշակույթը եվրոպակենտրոն մշակույթ է»:
Որպես օրինակ, բերում է Կոմիտասին: Կոմիտասը, ըստ զրուցակցիս, մինչեւ Բեռլինի կոնսերվատորիայում չսովորեց, նա չէր պատկերացնում, թե ինչպես պետք է մաքրի հայկական ժողովրդական երգը օտարազգի ձեւերից եւ էսթետիկայից:

Ռ. Անգալադյանի կարծիքով, այսօր առավել ակտուալ է հետեւյալ հարցադրումը. «Եվրոպական մշակույթը չդարձավ մուլտիկուլտուրան այն ազգերի, որոնք տեղափոխվում են Եվրոպա՝ վերջին 30-40 տարում, չդարձավ նրանց հարազատ մշակույթ: Հակառակը: Մենք տեսնում ենք երկու մշակույթների բախում: Մասնավորապես, մուսուլմանական ֆունդամենտալիստական գաղափարախոսության կամ՝ աֆրիկյան երկրների ժողովուրդների մշակույթի»:

Ռ. Անգալադյանն ասում է, որ փորձ է արվել ցույց տալ, որ մի ազգ, որը գտնվել է ամենադժվարին ժամանակներում, երբ ցեղասպանություն էր, ներթափանցեց ֆրանսիական գեղարվեստական կյանք, եւ դարձավ կարեւորագույն դերակատարներից մեկը:

Իսկ ինչ կտա գիրքը Եվրոպային, մասնավորապես՝ Ֆրանսիային:

Ռ. Անգալադյանն ասում է, որ եկել է ժամանակը, որպեսզի արխիվներին ուշադրություն դարձնի եվրոպացին, քանի որ հիմնականում ներկայացվում է վավերագրություն հայկական արխիվներից: 150 արխիվային փաստաթուղթ կա ալբոմում:

Ի դեպ, օտարների հետ շփումներն էլ անմասն չեն մնացել: Գրքում պատկերվել են մարդիկ, որոնք հայկական հարցն առաջինն են բարձրացրել Եվրոպայում, Ֆրանսիայում հատկապես: Խոսքը Անրի Ռոշֆորի եւ Սեւերինայի՝ Կարոլինա Ռեմիի մասին էր:
Նրանք բանակցել են Ֆրանսիայի երեւելիների հետ՝ Ռոմեն Ռոլանի, Անատոլ Ֆրանսի, Բուրդելի:

Չի մոռացվել Միսակ Մանուշյանը՝ իր հրատարակած երեք ամսագրերով:
Գիրքը ֆրանսերեն թարգմանել են Վարդան Ֆերեշեթյանն ու Աիդա Չարխչյանը, նկարիչն է Զավեն Խաչիկյանը, դիզայնը՝ Արթուր Մկրտչյանի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930