Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ղումարը պատմվածքներ գրելն ա, որից չեմ կարում կտրվեմ»

Հունիս 20,2015 13:30

Ասում է արդեն 65-ամյա Լեւոն Ջավախյանը

Հունիսի 19-ին սիրված արձակագիր Լեւոն Ջավախյանը դառնում է 65 տարեկան: Այդ առիթով «Առավոտը» բլից հարցազրույց ունեցավ նրա հետ:

– Ի՞նչ նվեր եք ակնկալում ծննդյան օրվա առիթով:

– Ես նվեր չեմ ակնկալում, ամենամեծ նվերը ես եմ, որ աշխարհին նվեր եմ արել, իմ միս ու արյունով, հոգով:

-Ի՞նչ զգացողություն ունեք 65-ամյակի բարձունքից…

– Մահը հաղթանակած մարդու հավատ… քանի քայլում եմ, միշտ առաջ եմ գնում, թեկուզ եւ մի օր մնացած լինի մահվանից, էլի առաջ եմ քայլելու, որովհետեւ էդ մի օրն էլ կյանքում շատ բան կարող է փոխի, գուցե էդ մի օրում մահը ձգենք, անմահության գնանք, Եղիշեն ասում էր՝ մահը մեռնում է մահով, ես էլ ապրելով կհաղթեմ մահին:

-Գրողները ե՞րբ են ծերանում:

– Իսկական գրողը երբեք չի ծերանում, մանավանդ, որ կողքին տեսնում է սիրուն կանանց:

– Հնարավո՞ր է ծննդյան օրը նոր պատմվածք ծնվի:

– Մեկն արդեն գրել եմ, «Էսսե(մ)» է կոչվում, այսինքն՝ էս եմ: Խոսում եմ իմ բացթողությունների ու թերությունների մասին, ոչ թե ինձ գովք եմ գրում:

Levon_Javaxyan-3
– Ըստ Ձեզ՝ Ձեր լավագույն արժանիքը եւ ամենամեծ թերությունը:

– Լավագույն արժանիքը եւ ամենամեծ թերությունն այն է, որ շուտ եմ հուզվում, ընդ որում՝ մի մասը հիանում ա իմ անկեղծությամբ, մյուս մասն էլ ասում ա՝ բա էդպես կարելի՞ ա: Շատ դեպքում կյանքը մարդիկ ապրում են՝ ոնց որ ղումար խաղան, խաղաթղթերը ծածկած վիճակում, իմ խաղաթղթերը միշտ բաց են, ես բաց եմ խաղում, փառք Աստծո, մինչեւ այսօր էլ կրում եմ:

– Երբեւէ «ղումար», թղթախաղ խաղացած կա՞ք:

– Չէ, կյանքում ղումար խաղացած չկամ, դա զարմանալի ա ինչ-որ տեղ, որովհետեւ մեծ գրողները ղումարբազ են եղել, գուցե ես դեռ էդքան մեծ չեմ, պուճուր եմ, կամ էլ իմ ղումարը պատմվածքներ գրելն ա, որից չեմ կարում կտրվեմ:

– Ումի՞ց չեք ցանկանա ծննդյան օրվա շնորհավորանք ստանալ:

– Քրիստոնեության մեջ, թե մի լավ բան կա, էդ ապաշխարությունն ա, եթե մարդը քո նկատմամբ վատ բան ա արել ու սրտով ապաշխարում ա, արդեն լավ ա: Էնպես որ, նման բան չկա, ով ուզում ա, թող շնորհավորի: Առավոտ զարթնում եմ, ծտերը ծլվլում են, արեգակը վերեւից աչքով ա անում, դրանից լավ բան աշխարհում չկա, ամենամեծ գեղարվեստը կյանքն ա, իսկ արվեստագետներին կոչ կանեի, որ կյանքի մեջ գաղափարախոսություն ու քարոզ չդնեն…

– 65 տարին ի՞նչ է գրողի եւ տղամարդու համար:

– Մարդ ոնց ա ապրել, ինչ ա արել, պտղով ա ապրել, թե ստերջ ա եղել, դա Աստված գիտի, կյանք ա: Ամեն դեպքում մարդու գլխի վրա իր կյանքն են դնում թագի նման, ոչ թե ստեղծագործությունները: Մարդու գրվածքները, ստեղծագործությունները պետք է ծառայեն կյանքին: Արվեստագետն ու գրողը չպետք է քծնի ու շողոքորթի, մեծամտանա՝ հանուն իր ստեղծագործությունների, մանավանդ որ, դրանք ընդամենը կյանքի հավելված են…

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լեւոն Ջավախյանի լուսանկարը՝
հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930