Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ մասնակից եւ ոչ մի մեդալ

Հունիս 20,2015 12:30

Բաքվում շարունակվող Եվրոպական ամառային 1-ին խաղերում երեկ Հայաստանից մրցասպարեզ մտան երեք մարզաձեւերի հինգ ներկայացուցիչներ ու նրանցից ոչ-ոք պատվո պատվանդան չբարձրացավ, թեեւ իրականում կարող էր, եթե մրցումները Ադրբեջանում չլինեին:

Ազատ ոճային ըմբիշների առաջնությունում մեր հանրապետությունը ներկայացնում էին 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 86 կգ՝ Մուսա Մուրթազալիեւը եւ 125 կգ քաշային, Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լեւան Բերիանիձեն:
Վիճակահանությունը մեր ըմբիշների համար այնքան էլ նպաստավոր չէր: Ֆրանգուլյանի մեկնարկային մրցակիցը ադրբեջանցի Հաջի Ալիեւն էր, որին հաջողվեց առավելության հասնել մեր մարզիկի նկատմամբ: Սակայն նա չհասավ եզրափակիչ եւ Վոլոդյան բրոնզե մեդալի համար պայքարը սփոփիչ գոտեմարտերում շարունակելու հնարավորություն չստացավ:

Մուսա Մուրթազալիեւին 1/16 եզրափակչում բաժին էր հասել թուրք Ահմեդ Բիլիջին: Ամբողջ գոտեմարտն ընթանում էր գրեթե հավասար ու անզիջում պայքարում, որի ավարտից վայրկյաններ առաջ միավորների պաշարով առջեւում թուրք ըմբիշն էր: Այդուհանդերձ, Մուրթազալիեւը մինչեւ ազդանշանը հասցրեց հնարք կատարել, որը ռեֆերին «չնկատեց»: Եվ միայն գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի բողոքարկումից հետո մրցավարական հանձնաժողովը տեսավ ու գնահատեց հայաստանցու հնարքը եւ վերջնական հաղթաանակը շնորհեց նրան: Դա պատճառ դարձավ, որպեսզի թուրք մարզիկը արժանապատիվ չընդունի իր պարտությունը եւ չշնորհավորի մրցակցին: Դրանից հետո Մուրթազալիեւը եւս մեկ հաղթանակ տարավ իսպանացու նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում պարտվեց վրացի Սանդրո Մինաշվիլուն:

Գերազանց մեկնարկեց Հայաստանի հավաքականի նորեկ Լեւան Բերիանիձեն, որը հենց մեկնարկային գոտեմարտում համոզիչ հաղթանակ տարավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ, այնուհետեւ պարտվեց բելառուսցի Ալեքսեյ Շեմանովին, սակայն, երեկոյան սփոփիչ գոտեմարտում զիջեց իր հայրենակից, Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլուն եւ զրկվեց բրոնզե մեդալից:

Մեր ազատ ոճային ըմբշամարտի հավաքականը Բաքվում չկարողացավ մեդալ նվաճել: Սակայն հետեւելով ուղիղ հեռարձակումներին՝ տպավորություն է ստացվում, որ առաջին իսկ գոտեմարտերից մրցավարական նկատողությունները հայաստանցի ըմբիշներին մի փոքր շատ էին:

Մեդալի հավակնում էր, բայց չարժանացավ հայաստանցի միակ թաեքվոնդոիստը՝ 80 կգ քաշային Արման Երեմյանը, որը նույնպես հասել էր սփոփիչ մենամարտեր եւ հավակնում էր բրոնզի, սակայն պայքարից դուրս մնաց նախավերջին փուլում:
Միանգամայն այլ ընթացք ունեցավ մեր բռնցքամարտիկների մեկնարկը Եվրոպական խաղերում, որտեղ յուրաքանչյուր մարտը նման է եզրափակչի. պարտվեցիր՝ վերջ: Հենց այդ ճակատագրին արժանացավ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը՝ որակավորման փուլի առաջին իսկ մեկնարկում զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Յորդան Կուլինսկուն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930