Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքը չի ընդունում: Ըստ նրա, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքին առանձնապես խոշոր չափերի վնաս ինքը չի պատճառել:
Հիշեցնենք, որ նրա մեղադրանքը փոփոխվել է, այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ փաստաբանի, արդյունքում տուժող Արտակ Գալստյանը, վստահելով Արթուր Անդրեասյանի կեղծ խոստումներին եւ հիպոթեքի պայմանագրերով անշարժ գույքերը գրավադրել բանկում ՝որպես հայցի ապահովման միջոց, արդյունքում՝ տուժող Արտակ Գալստյանին պատճառվել է 14.367.500 ՀՀ դրամին համարժեք եւ 35.000 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:
Արթուր Անդրեասյանը, չընդունելով մեղադրանքը, վստահեցնում էր, որ մինչև վարկի մարման վերջին օրը գումարները վճարել է:
Կարդացեք նաև
Մեղադրող Արթուր Երիցյանը հակադարձեց՝ պնդելով, որ գործի նյութերը վկայում են, որ ինքը միայն տոկոսներն է վճարել:
Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանն էլ միջնորդեց ժամանակ տրամադրել՝ մինչեւ բանկից վարկի մարման գրաֆիկը ստանա ու դատարանին ներկայացնի, դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արթուր Անդրեասյանը արտարժույթի առուվաճառքով զբաղվելու հետևանքով դարձել է անվճարունակ եւ 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, նրա որդու՝ Երևանում «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերիմ կապերի միջոցով խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ