Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը՝ ջրցան մեքենաներ օգտագործելու մասին. «Իսկ դուք դրա մեջ վատ բան եք տեսնո՞ւմ». (Տեսանյութ)

Հունիս 19,2015 21:41

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ իրենք չեն ընդունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիան թանկացնել 6.93 դրամով:

«Երբ պարզ դարձավ, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի թանկացում, կազմակերպվեց հանրային քննարկում: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն ընտրեց պայքարի ուղին: Սա ՀՀ քաղաքացու պայքարն է՝ անկախ քաղաքական, կուսակցական հայացքներից: Հաշվի առնելով նախկինում ստեղծված այս շարժումների փորձը եւ հաջողությունները՝ որոշվեց, որ պայքարը պետք է տանել փողոցում՝ համախմբված եւ միասնական՝ բացառելով երկխոսությունը իշխանությունների հետ»,- ասաց նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ սա խնդիր է, որը վերաբերում է բոլորին:

Նախաձեռնության անդամները հիշեցրեցին, որ նախորդ տարիներին եւս հոսանքի գինը բարձրացել է, եւ ներկա սակագինն արդեն բարձր է:  Ներկաներին ասացին, որ այստեղ չեն համոզելու, որ ընդունված որոշումը բեկանելի չէ, այստեղ են, որպեսզի տեր կանգնեն իրենց պահանջներին եւ իրավունքներին. «Մենք այս իշխանությունների ստրուկները չենք»,- ասացին նրանք: Մեղադրելով այսօրվա իշխանություններին՝ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին եւ Ռոբերտ Նազարյանին՝ նշեցին, որ հոսանքի թանկացումն իրենք թույլ չեն տալու: Դրան ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին՝ «Սերժիկ, հեռացիր»:

Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն իր խոսքում  ասաց, որ բոլորն են պատկերացնում, թե ինչ ապաշնորհների ձեռքն է ընկել երկրի կառավարումը, որոնք կեղեքում են ժողովրդին: «Այս իշխանություններն իրենց գործողություններով այլեւս վտանգ են մեր երկրի համար: Նրանց միակ նպատակն է հավերժացնել իրենց իշխանությունը՝ ազգաբնակչությանը այս երկրից լարելով: Իսկ դրա համար ամենանպատակահարմարը նրանց համար ժողովրդի սոցիալական բեռի ավելացումն է»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամները, ինչպես արդեն նշել ենք՝ որոշեցին երթ չանցկացնել, պատճառաբանելով, թե այդպես կխուսափեն ոստիկանների հետ բախումներից: Նպատակահարմար համարեցին նստացույց սկսել, որը պետք է տեւի մինչեւ երկուշաբթի:

Սակայն Ազատության հրապարակում հավաքվածներին  մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ զգուշացնելով, որ նստացույցը կարող է  տեւել մինչեւ այսօր 23:00: Փոխոստիկանապետը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ նստացույցի նախատեսված ժամը մինչեւ 23-ն է, դրանից հետո հավաքն արտոնված չէ: «Օրենքի սահմաններում կփորձենք պահպանել հասարակական կարգը»,- ասաց նա՝ նշելով, որ մնացած հարցերով դիմենք լրատվական ծառայություն:

11638073_866605343387250_154661635_n 11349103_866605653387219_1481409838_n

Մեր դիտարկմանը, որ հանրահավաքի կազմակերպիչները երթ չսկսեցին՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունը օրվա երկրորդ կեսից արդեն պատրաստվում է ճնշել երթը, ջրցան մեքենաներ են նախապատրաստել դրա համար, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Իսկ դուք դրա մեջ վատ բան եք տեսնո՞ւմ: Օրենքով է դա նախատեսված: Ոստիկանությունն ամեն ինչ անելու է օրենքի սահմաններում»:

Մանրամասները` տեսանյութում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930