Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյանին ձայնագրել է, ու ձայնագրիչը կասետով վերացրել

Հունիս 19,2015 20:20

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատարան ներկայացած մեղադրյալ Տիգրան Ասատրյանը հրաժարվեց ցուցմունք տալ: Պնդեց իր նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը: Սպանության մեջ մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հանցագործության կազմակերպիչ, սպանություն` կատարված պատվերով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն):

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը առաջարկեց հրապարակել  Տիգրան Ասատրյանի ցուցմունքը՝ պարզաբանելով, որ ինքը բազմաթիվ հարցեր ունի նրան տալու.  «Գործի մեխը սա է:  Դատական գործընթացը գնում է, ու դատաքննության ընթացքում կերևա՝ այդ ապացուցողական գործընթացի ժամանակ ինչքանո՞վ է քննչական ապարատը աշխատանքներ տարել պրոֆեսիոնալ ձևով, ինչքանով է կարողանում ապացուցել տվյալ հանցագործությունը, որում մեղադրում են ինձ: Ընդհանրապես պիտի մեղադրող կողմն ապացուցի իմ հանցանքը, ոչ թե ես պիտի ապացուցեմ՝  չեմ կատարել այդ հանցանքը»:

Նրա խոսքով, մեղադրականի հիմքում դրված բոլոր ապացույցները ենթադրությունների դաշտից են. «Այդ ենթադրական մեղադրանքներն էլ  կազմված են Տիգրան Ասատրյանի ցուցմունքների վրա: Այսինքն, Տիգրան Ասատրյանի տված ցուցմունքները վերցրել են կմախքի պես և վրան սկսել են հավաքել ինչ-որ մարմին, որը չի հավաքվում: Ինձ պետք է, որ տվյալ ցուցմունքները հրապարակվեն, որ հանրությունը, բոլորն իմանան, թե իրականությունն ինչ է, ու ես լիքը հարցեր ունեմ տալու: Եվ ես կուզենամ, որ ինքը պատասխանի այդ հարցերին»:

Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին: Հարցաքննություններից մեկի ժամանակ մեղադրյալը պատմել էր, որ Արթուր Սաֆարյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել, դեպքի օրը Սաֆարյանի հեռախոսահամարի զանգից է իմացել կատարվածը, Սաֆարյանի կինն է իրեն պատմել՝ ինչ է տեղի ունեցել ու մինչեւ ինքը հասել է հիվանդանոց, Արթուր Սաֆարյանն արդեն մահացած է եղել:

Նա պատմել էր նաեւ ձայնագրության մասին, թե ինչպես է իր տանը Իսրայել Սարգսյանին ձայնագրել դեպքի հետ կապված զրույցի ժամանակ; ըստ նրա, այդ խոսակցությունն այնքան տարօրինակ է եղել, որ իր իսկ անվտանգության համար է այդ քայլին գնացել: Տիգրան Ասատրյանը նաեւ պատմել է, որ ձայնագրիչն ու կասետը վերացրել է, իսկ արված ձայնագրությունն անցկացրել ֆլեշկայի վրա ու պահել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930