Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննության ժամանակ հարցաքննվեց նաեւ Իսրայել Սարգսյանի ծանոթներից մի կին:
Նա պատմեց, որ Իսրայել Սարգսյանի փողոցում է հանդիպել, ծանոթացել են, դեպքի մասին տեղեկություններ չունի, այդ մասին իմացել է լրատվամիջոցներով: Հետո ասաց՝ այնքան կարճ է Սարգսյանի հետ շփումը եղել, որ նրա մասին շատ մանրամասներ չգիտի: Թվարկեց հեռախոսահամարները, որոնցով շփվել են:
Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը: Սպանության մեջ մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հանցագործության կազմակերպիչ, սպանություն` կատարված պատվերով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն):
Հարց հնչեց՝ Մոսոյին ճանաչո՞ւմ եք, ասաց երբեւէ չի տեսել, լրատվամիջոցներով է որոշ տեղեկություններ նրա մասին կարդացել:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հետաքրքրվեց՝ նախաքննական ցուցմունքում ասել էիք՝ հյուրանոցում ենք հանդիպել միայն: Այդպիսի բան եղե՞լ է, մենք հանդիպե՞լ ենք: Վկան պատասխանեց՝ այո:
Իսրայել Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց. «Եթե հյուրանոցում ենք հանդիպել ու չես կարողանում հիշել, որ հյուրանոցում ենք հանդիպել, այդ դեպքում ինչպե՞ս կապացուցես, որ հյուրանոցում ենք հանդիպել»: Վկան լռեց:
«Ես ասել եմ, որ նրա հետ հյուրանոցում չեմ հանդիպել, պարզապես սա հերթական քննչական ապարատի ճկուն աշխատանքն է: Ես այս անձնավորությանը ճանաչում եմ, հանդիպումներ են եղել, բայց միայն սրճարանում, ուղղակի ճիշտն ասա»,- ասաց Իսրայել Սարգսյանը:
Պաշտպանի հարցին՝ ո՞ր թաղամասում է եղել հյուրանոցը, վկան ասաց՝ տարածքները չի կարողանում մտաբերել ու հաստատեց, որ նախաքննական իր ցուցմունքում ինչ ասել է՝ ճշմարտություն է: Դատավորի հարցին՝ կարո՞ղ է թելադրել են, դրա համար չեք հիշում, վստահեցրեց՝ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ