Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար «չփախած» գրող է Վանո Սիրադեղյանը, և չմեռած գրող է Հրանտ Մաթևոսյանը». Լևոն Ջավախյան

Հունիս 19,2015 18:25

«Լևոն Ջավախյանն իր ստեղծագործություններում «ցավ» բառը չի օգտագործում, բայց ներքին մեծ ցավ ու մտահոգություն է արտահայտում: Գրել մարդու, կյանքի, մահվան, Աստծու մասին և ցավ չապրել, դժվար է: Գրելն ինքնին արդեն ցավի զգացողություն է: Բայց գրողը գրում է, որովհետև չի կարող չգրել»,- գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց իր գործընկերոջը արձակագիր Լևոն Ջավախյանին, որն այսօր դարձավ 65 տարեկան:

Տեր-Գուլանյանի գնահատմամբ՝ Ջավախյանը հետաքրքիր, ինքնատիպ ու կայացած գրող է. «Ստեղծագործական կյանքի սկզբում Հրանտ Մաթևոսյանի ազդեցությունը նրա գործերում բավականին զգալի էր, բայց ժամանակի հետ նա կարողացավ գտնել իր ոճը»,- ասաց հրապարակախոսը:

Լևոն Ջավախյանի ասելով՝ գրողներից Մերուժան Տեր-Գուլանյանն է եղել առաջինը, ում ինքը ֆիզիկապես հանդիպել է. «Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկից ոգեշնչված՝ «Շնող» ակնարկն էի գրել: Նա էլ ասաց, որ մեր գյուղում լավ դեղձ է աճում, բայց նաև խնդիրներ կան: Խորհուրդ տվեց դրանց մասին գրել: Գրեցի, նա էլ տպագրեց: Այն ժամանակ Մերուժանն ինձ այսպես չէր հավանում»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Լևոն Ջավախյանը:

Դառնալով ժամանակակից արձակագիրներին՝ նա նկատեց, որ անուններ տալը դժվար է, բայց, այնուամենայնիվ, առանձնացրեց Մերուժան Տեր-Գուլանյանին, որի ակնարկներն իր վրա մեծ ազդեցություն են թողել, Արամ Պաչյանին, որը, նրա ձևակերպմամբ, մեր հույսն ու ապավենն է գրականության մեջ. «Ինձ համար «չփախած» գրող է Վանո Սիրադեղյանը, և չմեռած գրող է Հրանտ Մաթևոսյանը»,- հավելեց  Ջավախյանը՝ ընդգծելով, որ ընթացիկ գրականության մեջ շատ լավ գրողներ կան, բայց բոլորին չես թվի, առանձնացնելն էլ հեշտ չէ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930