Երեկ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակելու գործով վճիռ է կայացրել եւ մեղավոր ճանաչել Արշակ Սվազյանին: Դատարանը այդ ապտակող երիտասարդին դատապարտել է 1 ամսվա կալանքի, որը պետք է կրի քրեակատարողական հիմնարկում:
Թե ինչքանով է այդ 1 ամսվա կալանքը բավարարում պատգամավորին՝ Aravot.am-ի հետ զրույցում նա չմեկնաբանեց՝ ասելով,որ իրենք վճռին դեռ չեն ծանոթացել, երբ ծանոթանան, հնարավոր է հայտարարությամբ հանդես գան:
Մենք ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ պատգամավորին ծեծելու համար ընդամենը 1 ամիս կալանքը արդա՞ր պատիժ է: Նա պատասխանեց. «Որպես ինքնին երեւույթ՝ դա դատապարտելի էր, բայց մյուս կողմից էլ, երբ նայում ենք սովորական մարդկային տեսակետից, ապա մեկ հարվածի համար ասենք տանել տարիներ նստեցնել…բան: Ինձ թվում է այս դեպքում նաեւ կարելի է օգտագործել տուգանքը, հասկանո՞ւմ եք»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, անգամ այդ 1 ամսվա կալա՞նքն է շատ՝ պատգամավորին ծեծելու համար՝ նա պատասխանեց. «Որպես երեւույթ անընդունելի է, բայց պրակտիկայում կենցաղային խնդիր է, երբ տարբեր հանգամանքներում մարդիկ փորձում են իրենց հարցերը, պարզաբանումները բռունցքով լուծել: Իհարկե, սա ուրիշ դեպք է, փաստորեն, հարձակվել են պատգամավորի վրա, ոչ թե ծեծկռտուք է եղել: Անընդունելի եւ դատապարտելի է, երբ հարձակվում են անձի վրա, հատկապես՝ պատգամավորի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կներեք, հիմա եթե ձեզ ծեծեն, ապտակեն, եւ դրա համար ծեծողին ընդամենը 1 ամիս կալանքի ենթարկեն, Դուք դա նորմա՞լ կհամարեք՝ նա պատասխանեց. «Նախ պետք է հասկանանք, թե ինչի համար է ապտակում, պատճառը կճշտեմ, հետո կփորձեմ պատասխանել, իհարկե՝ մի քանի անգամ համարժեք ձեւով: Իսկ վերջում էլ միգուցե նաեւ թողնեմ ներեն, ոչ թե նստացնեն, եթե ներողություն կհայցի»:
Մեր դիտարկմանը, որ Արամ Մանուկյանին հարվածողը ներողություն չի խնդրել, ավելին՝ պնդել է, որ ոչ մի բանի համար չի զղջում, որ տղամարդն իր արածից հետ չի կանգնում եւ պատրաստ է նորից նույն քայլին գնալ, եթե Սերժ Սարգսյանին հայհոյեն՝ նա պատասխանեց. «Դե տղամարդկության համար էլ ասում են՝ գնա նստի: Չեմ կարծում, որ մեկ ապտակի համար 1 ամիսը քիչ ժամկետ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ