Այսօր ԱԺ-ում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շուշան Պետրոսյանը եւ գեներալ Մանվել Գրիգորյանը վիճաբանություն ունեցան:
Նախագծով առաջարկվում էր երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը: Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ շատ կռված տղերք կան, որոնք չունեն փաստաթղթեր, ընկերներն էլ արդեն չկան, որ ապացուցեն, որ իրենք մասնակցել են պատերազմի: Նա նշեց հոգեբանական մի խնդրի մասին. «Այստեղ նուրբ պահ կա, հայ տղամարդը վիրավորվում է, որ իրեն ասում են, թե ապացույց բեր, որ մասնակցել ես»: Սակայն Մանվել Գրիգորյանը նրան սաստեց, թե՝ «Հո ադինոկի վոլկ չե՞ն, սաղ ջոկատներով են կռվել, ընկերները կան, չէ՞»:
Aravot.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասաց. «Մեր տղամարդկանց խառնվածքին, մեր մենթալիտետին բնորոշ է, որ հատկապես եթե զուսպ են, չեն սիրում սեփական պատմությունը կերտել, կանգնում են փաստի առաջ: Իրենք գտնում են, թե չպիտի ասեն, որ գնացել կռվել են: Ես մարդիկ գիտեմ, դեպք գիտեմ, որ փաստաթղթերն այրվել են, ընկերները կարող են վկայել, որ իրենց հետ է եղել, բայց ասում է՝ ինչի՞ պիտի գնամ ասեմ, որ մասնակցել եմ պատերազմին: Այն ժամանակ կանոնավոր բանակ դեռ չկար եւ արխիվում նրանց մասին տեղեկություններ չկան: Այնպես չէ, որ ես միանշանակ կողմ եմ իրենց այդ բարդույթներին, որովհետեւ ի վերջո դու արել ես դա, ինչու ես լռում: Բայց իրենք իրենց այդ բարդույթների պատճառով խնդրի առաջ են կանգնում: Գիտակցելով նրանց խառնվածքը, ես այսօր այդ հարցը բարձրացրեցի՝ նրանց ընդառաջ գնալու: Իրենց թվում է, որ իրենց արժանապատվությանը դեմ է, եթե մեկ անգամ եւս ապացուցեն, որ իրենք կռվել են:
Պետք է մոտեցումը հասկանանք՝ ինչպես կարող ենք օգնել: Մարդ կա, որ իր ընկերոջ պատճառով չի կարողանում ապացուցել, որ մասնակցել է, հաղթել է, որովհետեւ այդ ընկերն ինչ-որ մեկի հետ խնդիր ունի: Այսպիսի մանր խնդիրներ կան, բայց սրանք մանր բաներ են, որովհետեւ այդ մարդիկ ի վերջո մեր պատմությունն են կերտել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գեներալ Մանվելի արձագանքին՝ Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «Ես հասկանում եմ, որ գեներալի համար անհասկանալի է դա, որովհետեւ ինքը զինվորական մարդ է, իսկ ես որպես կին եմ մտածում, որ գուցե ամեն դեպքում մենք փնտրենք եւ գտնենք ճանապարհ»:
Մեր դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանն ասում է՝ ջոկատներով են կռվել, այնպես չի, որ մեկին չիմանան՝ Շուշան Պետրոսյանը պարզաբանեց. «Միայնակ կռվելու մասին ես ընդհանրապես չեմ բարձրաձայնել: Մարդիկ կան, որ չեն վկայում ընկերոջ՝ կռված լինելու մասին, որովհետեւ խնդիր ունեն ինչ-որ մեկի հետ: Սրա մասին է խոսքը: Նրանցից ամեն մեկը մեր պատմության հաստափոր գրքի մի էջն են, եւ չպետք է էջերը պակաս մնան: Նրանք պետք է միշտ հարգվեն ու գնահատվեն՝ իրենց աշխատանքի համար»:
Թե ինչպես է Շուշան Պետրոսյանը տեսնում հարցի լուծումը՝ ասաց. «Հայաստանն ինչքան մեծ է, այնքան փոքր է, բոլորս իրար ճանաչում ենք: Պետք է ամբողջ տեղեկատվությունը ճշտենք, աշխատենք մինչեւ հատակ: Մարդիկ պետք է իմանան, որ քեզ հետեւում են, քեզ փնտրում են, հարգում են: Պետք է միասին ելք գտնենք ու մոտենանք այդ մարդկանց: Մարդիկ կան, որ ստվերում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ