ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պետական պարտքի մասին խոսելիս հիշեց գրականության մեջ հայտնի ֆուտուրիզմ ուղղությունը, երբ բովանդակությունը երկրորդական պլան է մղվում: Ըստ Ուրիխանյանի՝ ֆուտուրիզմը ձևավորեցին այն մարդիկ, ովքեր չէին ձգում հանճարների մակարդակի:
Տիգրան Ուրիխանյանը մի շարք ցուցանիշներ օրինակ բերեց, որոնց պատճառով ավելանում է ՀՀ պետական պարտքը: Օրինակ՝ վատանում է կյանքը, տնտեսական աճի տեմպերը տեսանելի չեն, նյութական բարիքների հավասար ու արդար շրջանառություն չկա. դրանք գնում են անձնական, կլանային շահերի սպասարկման, չկա հավատ պարտք վերցնողների նկատմամբ:
Ըստ Ուրիխանյանի՝ ապրում ենք մի հոգեբանությամբ, որը հարիր է այն մարդկանց, որոնք փոխանակ ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովեն, անընդհատ պարտք են վերցնում: Ըստ նրա ՝ այս հոգեբանությամբ ապրողները սովորաբար այն բնակավայրին, որտեղ ապրում են, որպես ժամանակավոր կացարան են վերաբերվում և ի վերջո այդտեղից դիմում են փախուստի: Ըստ պատգամավորի՝ «եթե այսպես շարունակվի, հաջորդ սերունդները վճարունակ ու պետական պարտք մարող չեն լինելու»:
Տիգրան Ուրիխանյանն իր ելույթը եզրափակեց. «Պարտքով ապրող ու յոլա տանող մարդիկ սովորաբար չեն մտածում պարտքերը մարելու համար, նրանք մարում են պարտքը, երբ դաղվում է նրանց մաշկը: Ես նորից ուզում եմ հույս հայտնել, որ եկող ընտրություններով ձեր մաշկը կդաղվի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ