89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հունիսի 19-ին Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ, Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանի կովկասագիտության միջազգային դպրոցի տնօրեն Գիա Նոդիան, անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին, ասաց, որ դեռ պարզ չէ, թե Վրաստանը երբ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա հավելեց, որ վերջին շրջանում Վրաստանում սկսել են կասկածել՝ արդյոք կանդամակցե՞ն ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ:
«Մենք չգիտենք, թե այդ դուռը երբ կբացվի: Անկեղծ ասած արդեն համոզված էլ չենք երբեւէ կանդամակցենք, թե ոչ: Հարցն այս պահին շարունակում է օդից կախված մնալ»,- ասաց նա:
Գիա Նոդիան նշեց, որ իրավիճակը հիասթափեցնու է վրացիներին, սակայն նրանք այլընտրանք չեն տեսնում: Ըստ նրա՝ վրացիները պետք է ռազմավարական համբերությամբ զինվեն, քանի որ այդ բարեփոխումները օգտակար են Վրաստանի համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ