ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում փորձեց վստահեցնել, որ այս փոփոխությունները ռիսկային չեն: Մինչդեռ պատգամավորներն ունեին լուրջ մտահոգություններ: Դրանք հիմնականում վերաբերում էին կառավարության պարտքի՝ մինչև 60 տոկոս շեմի սահմանմանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դառնալով պետական պարտքի դինամիկային, մտահոգություն հայտնեց. «Աճի տեմպերը թույլ է տալիս մտածելու, որ արագ տեմպերով պարտքն ավելացնում ենք: Իհարկե, եթե այլընտրանք չկա, պիտի վերցնենք պարտք, բայց վերցնելու արդյունավետությունը պիտի ցույց տանք: Եթե ՀՆԱ աճ չենք կանխատեսում, ապա այս տեմպերով աճի դեպքում ի՞նչ է լինելու: Արտաքին պարտքի սահմանը մոտենում է 60 տոկոսին»:
Ատոմ Ջանջուղազյանը հանգստացրեց, թե ընդամենը երեք տարի է եղել, որ ծրագրված երեք տոկոսից ավելի ցուցանիշ ենք ունեցել: Դառնալով արդյունավետության հարցին՝ ասաց. «Դա պետք է քննարկել անկախ նրանից, թե ինչ պայմաններով է իրականացվում ծրագիրը»:
Պարոն Մելքումյանը հակադարձեց, թե համամիտ չէ, որ արդյունավետությունը կապ չունի ծրագրի իրականացման պայմանների հետ»: Պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Մենք որևէ ռիսկ դեֆոլտի չենք կարող արձանագրել: Եթե դեֆոլտի թեկուզ փոքր նշույլ ունենայինք, եվրապարտատոմսեր տեղաբաշխել մեզ չէր հաջողվի»:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վրդովվեց ու հայտարարեց, թե չի կարելի ազնիվ չլինել. «Կառավարությունո՞ւմ էլ է այս հիմնավորումներով այս օրենքը անցել: Խնդրում եմ ասեք, ո՞վ է իրական հեղինակը: Թե՞ այստեղ էլ եք ֆռռացնելու: Անկեղծ եղեք, ասեք, որ կա ֆինանսական ծանր պրոբլեմ, գիտենք, որ պարտքը ավելացնելու համար եք բերել: Մեր նկատմամբ հարգանք ունեցեք: Ասեք, որ սրա իմաստը լրիվ ուրիշ է, ուրիշ բառը չեք ասում: ՀՆԱ-պարտք հարաբերակցություն խնդիրը միշտ կա. 13 տոկոսից հասանք 60 տոկոսի 15 տարվա ընթացքում, դրա մարողականությունն էլ նվազում է, քանի որ այն մարդը, որ պետք է վարկ մուծի, բյուջեն էլ պարտք փակի, չունենք»:
Պարոն Ջանջուղազյանն արձագանքեց. «Իրական հեղինակը կառավարությունն է՝ ֆինանսների նախարարությունը»: Գլխավոր գանձապետը զարմացած է պարոն Մանուկյանի այն կշտամբանքներից, թե «փորձում եք ֆռռացնել»: Նա հակադարձեց, թե պարտքը չի հասել 60 տոկոսի, եթե այս տարի միլիարդների պարտք կուտակենք, միայն այդ դեպքում կհասնի այդ սահմանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ