Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեարկության այսպիսի արդյունքը նշանակում է, որ ես վատ չեմ աշխատել այս տարիներին». Արամ Սիմոնյան

Հունիս 19,2015 15:03

Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: Նա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:

Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար միայն նա էր հայտ ներկայացրել:

Ընտրությունից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արամ Սիմոնյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու է ինքը միակ թեկնածուն. «Ազատ մրցույթ էր, ու իր տվյալներով համապատասխանող յուրաքանչյուր մարդ կարող էր առաջադրել իր թեկնածությունը: Ես չեմ կասկածում, որ թե´ համալսարանում, թե´ դրանից դուրս արժանի մարդիկ շատ կան: Բայց թե ինչու չեն դիմել, ես չեմ կարող ասել, որովհետև, կրկնում եմ, մրցույթն ազատ էր, գործերն ընդունող հանձնաժողովն ամեն օր աշխատել է, և որևէ արգելք, թերացում այս հարցում չէր կարող լինել ու չի էլ եղել»,- վստահեցրեց նա:

Արամ Սիմոնյանի փոխանցմամբ՝ քվեարկությանը 32 հոգուց ներկա են եղել 30-ը. «Գագիկ Հարությունյանն ու Հրանուշ Հակոբյանը արտասահմանյան գործուղման են և նախօրոք տեղեկացրել են, որ չեն մասնակցելու»,- ասաց ռեկտորը:

«Ես արդեն ինը տարի է՝ ԵՊՀ ռեկտոր եմ, բայց ընտրությունը մնում է ընտրություն, որի արդյունքներն անկանխատեսելի են լինում սովորաբար: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինձ վստահվեց այս պաշտոնում ևս հինգ տարի աշխատել: Հպարտ եմ, որ հոգաբարձուների խորհրդի բարեհաճ վերաբերմունքն ու վստահությունը ունեմ. ձայների քանակը դրա մասին է խոսում: Քվեարկության այսպիսի արդյունքը նշանակում է, որ ես վատ չեմ աշխատել այս տարիներին, և վատ չի աշխատել նաև ինձ հետ աշխատած թիմը: Բայց դա նաև շատ պարտավորեցնող է, որովհետև մենք ապրում ենք շատ լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա հինգ տարիների անելիքներին՝ ռեկտորն ասաց, որ պետք է շատ նպատակասլաց աշխատեն, որպեսզի ԵՊՀ-ն հետազոտական համալսարանի վերածվելու ճանապարհին կարողանա շատ լուրջ քայլ անել. «Շարունակելու ենք զարգացնել նաև ուսանողակենտրոն ուսուցումը, հիմնովին և անընդհատ փոխելու ենք կրթական ծրագրերը, դրանց բովանդակությունը, շարունակելու ենք կատարելագործել ուսանողների գիտելիքների և հմտությունների գնահատման համակարգը, կրթության որակն ապահովող և վերահսկող մեխանիզմների շարունակական կատարելագործումը և այլն, և այլն»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ առաջիկայում չի նախատեսվում ուսման վարձավճարների բարձրացում:

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930