Կառավարության բերած Ակցիզային հարկի մասին օրենքի նախագիծը երեկ ՀՀԿ-ականները սուր քննադատության ենթարկեցին, իսկ այսօր առաջին ընթերցմամբ, այնուամենայնիվ, նախագիծն ընդունեցին: Նախագծին ՀՀԿ-ից դեմ քվեարկեց միայն Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Ուշագրավ է, որ հատկապես ՀՀԿ-ական այն պատգամավորները, որոնք երեկ վստահեցրել էին, թե դեմ են քվեարկելու օղու, բենզինի, դիզվառելիքի եւ ծխախոտի թանկացմանը, այսօր կամ կողմ են եղել, կամ չեն քվեարկել:
Այս քվեարկությունների արդյունքներով կարծես ջրի երես դուրս եկան, թե պատգամավորներից ովքեր են ներգրավված այդ բիզնեսներում:
Կարդացեք նաև
Մասնավորապես, օղու արտադրությամբ, բենզինի ներկրմամբ զբաղվող Սամվել Ալեքսանյանը, որը եղել է նիստում, չի քվեարկել: Չեն քվեարկել նաեւ Մհեր Սեդրակյանը, Վարդան Այվազյանը, Նահապետ Գեւորգյանը, Վրեժ Մարկոսյանը, սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը: Գարեգին Նուշիկյանը ձեռնպահ է եղել:
Չեն քվեարկել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը՝ «Ավշարի Արայիկը», դեմ է քվեարկել:
ԲՀԿ-ական պատգամավորները հիմնականում դեմ են քվեարկել, ԲՀԿ խմբակցությունից դե ֆակտո դուրս եկած գործարար պատգամավորները՝ Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը նախընտրել են չքվեարկել: ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ներսիսյանը, Վահան Կարապետյանը նույնպես չեն քվեարկել:
Ի դեպ, երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը, մեր հարցին՝ Դուք դե՞մ եք Ակցիզային հարկի մասին օրենքին՝ պատասխանեց. «Իհարկե, դեմ եմ, այ մարդ, դե լավ, էլի»: Մենք ճշտեցինք՝ բայց դե՞մ եք քվեարկելու՝ նա պատասխանեց. «Իհարկե»: Չնայած դրան, այսօր նա սեղմել է «կողմ»ի կոճակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ.Գ. Ավելի ուշ Հեղինե Բիշարյանը պարզաբանեց, որ ուշացումով է մտել դահլիճ եւ չի հասցրել քվեարկել, բայց քարտուղարությանը հայտնել է, որ դեմ է, իր անվան դիմաց ավելացնեն «դեմ»: