Լրահոս
Օրվա լրահոսը

Գերազանցության ազգային ծրագիր. զարգացմա՞ն, թե՞ բևեռացման տանող ուղի

Հունիս 19,2015 13:16

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած` «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որը նախատեսում է հանրակրթության ոլորտի բարեփոխումներ և իրականացվելու է կառավարության հետ համատեղ, պետբյուջեի ֆինանսավորմամբ, դրական գնահատականների կողքին նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տվել ոլորտի փորձագետների ու առաջատար մասնագետների շրջանում:

Անցած տարվանից Հայաստանի բոլոր մարզերում ծրագրի վերաբերյալ քննարկումներ են անցել, «Այբ» կրթահամալիրի տեղեկացմամբ, բոլոր շահագրգիռ կողմերի հետ հասարակական քննարկումների մի մեծ փուլ է հաղթահարվել: Առաջիկայում նախատեսվում է ծրագրի վերջնական տարբերակի ներկայացումը կառավարության հաստատմանը:

Ծրագրի նպատակը կրթության բարեփոխմամբ հզոր Հայաստանի տեսլականն իրականություն դարձնելն է հայաստանյան դպրոցներում միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագրի՝ «Արարատյան բակալավրիատի» ներդրմամբ:

«Հույս ունենք այս տարի ավարտել «Արարատյան բակալավրիատի» միջազգային գրանցման գործընթացը: Այն լինելու է աշխարհի սակավաթիվ գերազանցության հարթակներից մեկը և միակը, որ հայալեզու է: Հայաստանում և Արցախում մինչև 2019 թվականը ունենալու ենք «Արարատյան բակալավրիատի» 13 դպրոցներ»,- վերջերս Մեդիամաքս գործակալությանն ասել է ծրագրի նախաձեռնող, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Ter-Mesrop

Մինչ ծրագրի մեկնարկը, սակայն, մտահոգություններ են հնչում առ այն, որ նման ծրագրերը, որոնք չեն թիրախավորում հանրակրթության ողջ համակարգը, այլ առանձնացնում են որոշ հատվածներ, կարող են խորացնել հանրակրթության ոլորտում առկա բևեռացումն ու որակյալ կրթության մատչելիության, հասանելիության խնդիրները:

Ըստ «Այբ» հիմնադրամի տեղեկատվության՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» բոլոր գործողությունների թիրախ են ավագ դպրոցները, որոնց մեծամասնությունը՝ 99 տոկոսը, տեղակայված են քաղաքային համայնքներում և, ըստ հետազոտությունների, ծրագիրը հիմնականում հասանելի չէ գյուղական համայնքներում բնակվող երեխաների համար:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորում է ուսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ Այբ-ի գործունեությունը, սակայն կարծում է, որ գերազանցության կենտրոնների ստեղծման շուրջ հարցերը դեռ շատ են:

Serob-Khachatryan

«Հիմնական շեշտադրումը դրվում է նրա վրա, որ այս կենտրոնները լինելու են իրենց ետևից տանող ուժը, վերապատրաստված ուսուցիչները իրենց ետևից տանելու են մյուս ուսուցիչներին, պրակտիկայում դա դժվար իրագործելի է, նախ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով և այստեղ գործելու է մրցակցության սկզբունքը և այդ դպրոցները ոչ թե տանելու են մյուս դպրոցներին իրենց հետևից, այլ աշակերտներին են տանելու, երկրորդ՝ ուսուցիչների շրջանում է լինելու լուրջ բևեռացում, եթե ուսուցիչը գիտի, որ իր գործընկերը գրեթե նույն աշխատանքի համար ստանում է 4 անգամ իրենից ավելի, ապա դա կարող է բացասաբար ազդել դպրոցների միջավայրի վրա»,- ասում է Խաչատրյանը:

Փորձագետը կարևորում է, որ կրթությունն իբրև համակարգ դիտարկվի և հաշվի առնվեն ոչ միայն կոնկրետ քայլերը, այլև այն հետևանքները, որ կարող են դրանք ունենալ համակարգի մյուս բաղադրիչների վրա.

«Նախատեսվում է, որ 2000 ուսուցիչ լինելու է գերազանցության ուսուցիչ, շատ լավ է՝ արժանի են, չնայած դեռ լուրջ հարց է ինչպես են ընտրվելու, ով է ընտրելու, ինչ սկզբունքներով և այլն: Սակայն, ինչպես սա կազդի մյուս ուսուցիչների վրա, ովքեր չեն ընտրվի այս ծրագրով կամ իրենց դպրոցը չի ընդգրկվի: Արդյոք այդ դեմոտիվացված մարդիկ մնալու են համակարգում, թե՞ հեռացվելու են: Չէ՞ որ այդ մարդիկ կարող են սկսել վատ աշխատել այդ պատճառով, կանխատեսվել է արդյոք որն է ավելի մեծ՝ գերազանց ուսուցիչների տված օգուտը, թե՞ անտեսված, ծրագրից դուրս մնացած ու դեմոտիվացված ուսուցիչների տված վնասը»,- հարցնում է փորձագետը:

Գերազանցության ծրագրի պլանի համաձայն՝ մեկնարկից հետո 10 տարում 2000 ուսուցիչ է վերապատրաստելու, առաջին փուլում վերապատրաստողները լինելու են միջազգային մասնագետները Քեմբրիջի համալսարանից ու Լոնդոնի Կրթության ինստիտուտից:

«Հետո վերջիններիս վերահսկողությամբ տեղի մասնագետներն իրենք կվերապատրաստեն ուսուցիչներին: Յուրաքանչյուր ուսուցչի վերապատրաստումը կտևի մեկ տարի»,- «Առավոտի» փոխանցմամբ` ասել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Քրիստինա Սարգսյանին մտահոգում է այս երկու գործընկերների ընտրությունը.

«Երկուսն էլ անգլո-սաքսոնական մշակույթում ձևավորված և գործող հաստատություններ են: Իսկ այս մշակույթում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, անհավասարությունները սպառնում են սոցիալական միասնությանը, ըստ նույն Կրթության ինստիտուտի հետազոտական կենտրոններից մեկի հետազոտությունների արդյունքների»:

«Այսօր, այո, սոցիալական անհավասարությունները խորանում են նաև մեր երկրում, կտրուկ վատթարանում է տարբեր սոցիալական խավերի միջև կապը: Արդյո՞ք հեռանկարում ևս սա ենք ակնկալում: Իսկ կրթությունը և հանրակրթությունը, մասնավորապես, սովորաբար վերարտադրում են այն, ինչ կա»- ընդգծում է փորձագետը` որպես այլընտրանք առաջարկելով ընտրել ավելի էգալիտար հասարակությունների կրթական փորձը, օրինակ, սկանդինավյանը:

Հետաքրքրական է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ կառավարությունը ուսուցիչների վերապատրաստման մեկ այլ ծրագիր էլ է իրականացնում՝ Կրթության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջոցով:

«Կրթության բարելավում» ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման» ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը ծանոթ չէ «Այբի» գերազանցության ծրագրին, քանի որ որևէ քննարկման ներկա չի եղել, չնայած սկզբունքորեն նույն գործն են նախատեսում իրականացնել՝ ֆինանսական նույն աղբյուրից սնվելով:

Քրիստինա Սարգսյանը շեշտում է, որ գերազանցության ծրագրի նպատակներն ու խնդիրները միանգամայն արդիական են, սակայն, նա որոշ հարցադրումներ ունի դրանց հասնելու համար ընտրված ուղիների վերաբերյալ:

Նա անդրադառնում է նաև այլընտրանքային ծրագրի` պետական աջակցության տրամադրման խնդրին` նշելով, որ ներկայում այլընտրանք են առաջարկում նաև, օրինակ, Սեբաստացին և Քվանտը:

«Ինչո՞ւ է հենց այս այլընտրանքը ստանում այնպիսի պետական աջակցություն, որը միտված է այդ այլընտրանքը համակարգային դարձնելուն: Նույն միջազգային փորձը ցույց է տալիս, որ որակյալ հանրակրթության հաջողության գրավականներից մեկը հանրակրթության կազմակերպման բազմազանությունն է: Ինչո՞ւ է հենց «Արարատյան բակալավրիատը» ներդրվելու բոլոր ավագ դպրոցներում, և, ասենք, ոչ Քվանտի կրթական ծրագիրը»,- հարցնում է Սարգսյանը:

Անցած տարի պետբյուջեից ավելի քան 213 մլն դրամ է հատկացվել ծրագրին, այս տարի նախատեսվում է ևս 450 մլն դրամի պետական ներդրում:

«Ծրագրում «Արարատյան բակալավրիատի» կենսունակության գրավականը համարվում է «Այբ» ավագ դպրոցի փորձը: Սակայն արդյո՞ք «Այբի» հաջողության գրավականը գլխավորապես կրթական ծրագիրն է»,- հարցնում է Սարգսյանը:

«Այդ դպրոցում այսօր սովորում են հիմնականում շնորհալի երեխաներ, և այս դեպքում ոչ մի զարմանալի բան չկա դպրոցի հաջողության մեջ: Իսկ ինչպե՞ս է «Արարատյան բակալավրիատն» աշխատելու միջին աշակերտի հետ: Թե՞ նա դուրս է մնալու այս մակարդակի կրթությունից… Նորից, հարցեր են, որոնց մասին քննարկումները կարող են միայն ուժեղացնել գերազանցության ծրագիրը»,- հավելում է փորձագետը:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս բարձրացնում է ոչ ընտրյալ աշակերտների հետ աշխատելու ծրագրի արդյունավետության հարցը:

««Այբ» դպրոցը հնարավորություն ունի աշակերտներ ընտրելու, քանի որ իրականացնում է սելեկտիվ կրթություն: Եթե գերազանցության ծրագիրն աշխատել է այդ դպրոցում, մեզ պետք են երաշխիքներ ու հիմնավորումներ, որ կաշխատի այլուր: Դրանք պետք է տա կրթության և գիտության նախարարությունը, քանի որ իրենք են պատասխանատու, նախարարությունը պետք է ասի՝ ինչ ուսումնասիրությունների վրա հիմնվելով են վստահ, որ այն կաշխատի նաև մյուս ավագ դպրոցներում։ «Այբ» ավագ դպրոցը որոշումը կայացնելու պահին տվել է շրջանավարտների մեկ ամբողջական սերունդ։ Մասնագիտական տեսակետից ռիսկային է մեկ շրջանավարտ տված սելեկտիվ կրթություն իրականացնող դպրոցի փորձը տարածելը։ Ճիշտ կլիներ սպասել մինչև դպրոցը շրջանավարտների մի քանի սերունդ տար, որպեսզի որոշումն ավելի հիմնավոր լիներ»,- նշում է Խաչատրյանը:

Պետբյուջեից ֆինանսավորումը շարունակվում է ծրագրի իրականացման համար, սակայն քննարկումները դեռ միանշանակ չեն, անդրադառնալով Գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ անցած քննարկումներին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Մեդիամաքս գործակալությանն ասել է, որ թեպետ դրանք ծավալուն են եղել, սակայն վերլուծական, քննադատական մտածողության մեծ պակաս ևս նկատվել է:

Առաջիկայում նախատեսվում է նաև քննարկումներ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովում, սակայն նախագահ Արտակ Դավթյանի տեղեկացմամբ, թերևս, դրանք կլինեն արդեն սեպտեմբերին:
Սառա ԽՈՋՈՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930