Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը եւ դրան կից բանաձեւի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:
Ադրբեջանին վերաբերող բանաձեւի նախագծում համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը եւ Թադեուշ Իվինսկին ոչ միայն չեն ներկայացնում Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում բացահայտ հետընթացը, այլեւ բանաձեւի առաջին իսկ պարբերությամբ անդրադառնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, այն էլ՝ իրականության հետ որեւէ առնչություն չունեցող եւ զուտ ադրբեջանական պետական քարոզչության հայտնի դրույթները կրկնող ձեւակերպումներով:
Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձեւակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը:
Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու եւ միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ:
Կարդացեք նաև
Անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24 տարիների փորձը լավագույն օրինակներից է ապացուցելու, որ նույնիսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հնարավոր է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների հաստատումը, ապահովումն ու ամրապնդումը:
Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս,
գնահատելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց եւ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական տարածքի մաս է, որն առաջնորդվում է համաեվրոպական արժեհամակարգով՝
– կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը եւ չթույլատրել խեղաթյուրված ու միակողմանի ձևակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը,
– առաջարկում ենք Եվրոպայի խորհրդին եւ կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի`
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ
ք. Ստեփանակերտ
18 հունիսի, 2015թ.
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն