Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրող գտնելը նաիրիտցիների գործը չէ, վարչապետի գործն է (Տեսանյութ)

Հունիս 19,2015 12:44

Անկախ այն բանից` նաիրիտցիների պարտք-աշխատավարձերը վճարելու են թե ոչ, գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաները շարունակելու են: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող Անուշ Հարությունյանը:

Այս անգամ նաիրիտցիների պահանջը լինելու է գործարանի վերագործարկումը, ինչը, նրանց համոզմամբ, միանգամայն իրատեսական է: «Նաիրիտի» արդեն նախկին աշխատակիցները Համաշխարհային բանկի փորձագետների տված աուդիտի եզրակացության հետ բոլորովին համաձայն չեն, ըստ որի «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է 340 միլիոն դոլար: Նաիրիտցիների հաշվարկներով՝ 55-65 միլիոնը լրիվ բավարար է գործարանը ոտքի կանգնեցնելու համար:

«Մենք չենք հասկանում, ինչի համար են այդքան գումարներ նշում, ի՞նչ է արծաթե խողովակնե՞ր են գործարանում անցկացնելու»,-ասում էին «Նաիրիտի» աշխատակիցները:

Անուշ Հարությունյանի խոսքերով՝ վարչապետը խոստացել է նաիրիտցիների աշխատավարձերը մինչեւ հուլիսի 15-ը վճարել, քանի որ միջպետական բանկը վերադարձրել է գրավ դրած բաժնեմասը: Այժմ գործարանի 100 տոկոս բաժնեմասը պետությանն է:

Վարչապետի` նաիրիտցիներին այն հորդորները, թե ներդրող գտեք` «Նաիրիտն» աշխատեցնելու համար, Անուշ Հարությունյանը լուրջ չի համարում: Նրա խոսքերով, նաիրիտցին որտեղի՞ց պիտի ներդրող գտնի, այդ գործը վարչապետի, պետության պարտավորությունն է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը նույնպես վստահ է, որ գործարանը կարող է վերագործարկվել եւ եկամուտով աշխատել, քանի որ նախորդ աուդիտներում տրվել է դրական եզրակացություն. «18 ամիս ժամանակ է պահանջվում, որպեսզի «Նաիրիտը» վերազինվի: Կա սարքավորում, որը պետք է պատվիրվի այլ երկրի գործարանում, ինչի պատրաստման համար վեց ամիս ժամանակ է պահանջվում: «Նաիրիտը» վերագործարկելուց հետո տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ կստացվի»:

Անուշ Հարությունյանի խոսքերով. «Օրինակ է բերվում կաուչուկի իրացման խնդիրը, բայց ես դա ծիծաղելի եմ համարում, որովհետեւ վերջին տարիների մեր կաուչուկն իրացվել է ամբողջ աշխարհում: Չորս տարի առաջ, երբ գործարանը դեռ աշխատում էր, Ճապոնական կազմակերպությունները դիմել են Հայաստանին` ամբողջ արտադրանքը գնելու համար: Մեր մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ Նաիրիտը կարող է շահույթով աշխատել, ինչը Հայաստանի տնտեսությունը կարող է ոտքի հանել»:

Տիկին Հարությունյանն ասաց, որ այսօր նաիրիտցիներով մասնակցելու են էլեկտրաէներեգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիային: Ինչ վերաբերում է «Նաիրիտի» պարտքատերերին, որոնց թվում է նաեւ ՀԷՑ-ը, ապա Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիների աշխատավարձեր երբեւէ չեն տրվել ՀԷՑ-ի հաշվին, եթե տրամադրվել է, հիմնականում տրվել է ՋԵԿ-երից, բայց դա տրվել է ոչ թե նվեր, այլ որպես պարտք, որի վրա ավելանում են տոկոսներ: Խոսքը ընդամենը գործարանի սպառած էլեկտրաէներգիայի պարտքի մասին է, որը սակայն այդքան մեծ գումար չի կազմում, որպեսզի ՀԷՑ-ը այդ պարտքի դիմաց հոսանքը թանկացնի եւ ժողովրդից վերցնի այդ գումարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930