Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՉԻ ԿԵՆԱՑԸ

Հունիս 19,2015 10:23

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներեքերորդ

ՀՐԱՉԻ ԿԵՆԱՑԸ

Եվ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «էդ անանձնականներից գոնե մի հատ արտասանի՝ լսենք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու անսպասելի ասաց՝ «ավելի լավ ա՝ Հրաչի կենացը խմենք», եւ Խչեյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Հրաչի», եւ Չուգունը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Պարկետչիկ Հրաչի», եւ Խչեյանը զարմացած հարցրեց՝ «Պարկետչիկ Հրաչի կենացը մի քիչ առաջ չխմեցի՞նք»,  եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա կենացը մի հատ էլ որպես մարդ ու որպես ընկեր խմենք», եւ Խչեյանը  զարմացած հարցրեց՝ «բա մի քիչ առաջ որպես ի՞նչ խմեցինք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց ընենց՝ օդի մեջ խմեցինք», եւ Խչեյանը մի քիչ մտածեց ու Չուգունին ասաց՝ «մենք հենց ընենց մարդ չենք, որ հենց ընենց կենաց խմենք», եւ Հովհաննեսը Խչեյանին հարցրեց՝ «դեմ ե՞ս, որ մեր ախպեր Հրաչի կենացը մի հատ էլ խմենք», եւ Խչեյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ախպեր Հրաչի կենացը ես կարամ մինչեւ լուս խմեմ», եւ Հովհաննեսը բաժակը բարձրացնելով ասաց՝ «դե ուրեմն խմենք», եւ Չուգունը բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես մի բան ասեմ՝ նոր խմենք», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «կարաս էրկու բան ասես» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես ու Խչեյանը պատրաստ ենք Հրաչի կենացը մինչեւ լուս խմենք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես առանձնապես երկար չեմ խոսալու», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «ինչքան սիրտդ ուզում ա, էնքան էլ խոսա», եւ Խչեյանը փռթկացնելով ասաց՝ «մենք մինչեւ  լուս պատրաստ ենք լսենք», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «մանավանդ որ՝ ըտենց հետաքրքիր բաներ ես ասում», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հետաքրքիր բաներ», եւ Հովհաննեսը փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «անանձնական բաներ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի մեր ախպոր կենացը խմելո՞ւ ենք, թե՝ չէ», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «քեզ ենք սպասում», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նձ ինչի եք սպասում», եւ Հովհաննեսը Չուգունին հարցրեց՝ «խոսք էիր չէ՞ ասելու», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «դե ասա՝ լսում ենք», եւ Խչեյանը ժպտալով ասաց՝ «ուշադիր լսում ենք» եւ ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ լուս պատրաստ ենք լսենք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «առանձնապես երկար չեմ խոսալու», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «ինչքան սիրտդ ուզում ա, էնքան էլ խոսա», եւ Չուգունը բավական երկար մտածեց, բաժակը  բարձրացրեց ու ասաց՝ «ինչքան սիրտդ շատ ա ուզում, էնքան խոսալը դժվարանում ա», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «իսկական բանաստեղծի պես խոսեցիր», եւ Խչեյանը ժպտալով Չուգունին ասաց՝ «էդ խոսքիցդ հետո արդեն հավատում եմ, որ կարաս Տերյանից լավ գրես», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով Խչեյանին ասաց՝ «ասածներս նենգափոխում ես», եւ Խչեյանը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր ասածդ եմ նենգափոխել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես չեմ ասել, թե՝ Տերյանից լավ եմ գրում», եւ Խչեյանը փռթկացնելով հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասել», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես ընդամենը ասել եմ, որ բանաստեղծություն գրող մարդն իրավունք չունի մտածի, որ ինքն ինչ-որ մեկից թույլ ա գրում», եւ Խչեյանը մի քիչ մտածեց ու քամահրանքով հարցրեց՝ «էդ ինչ-որ  մեկն էլ Տերյանն ա, հա՞», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Խչեյանին ասաց՝ «հիմի տենում ե՞ս, որ ասածս նենգափոխում ես», եւ Հովհաննեսը ժպտալով Չուգունին ասաց՝ «որովհետեւ ինքը նենգ մարդ ա» եւ ժպտալով Խչեյանին ասաց՝ «չես թողնելո՞ւ էս մարդն իրա կենացն ասի», եւ Խչեյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ Հովհաննեսը պատասխանեց ու ասաց՝ «Հրաչի կենացը», եւ Խչեյանը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «Պարկետչիկ Հրաչի՞», եւ Չուգունը պատասխանեց ու ասաց՝ «մեր ախպեր Հրաչի», եւ Խչեյանն ասաց՝ «ես մեր ախպեր Հրաչի կենացը կարամ մինչեւ լուս խմեմ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էդ կենացը դու ես առաջարկում», եւ Հովհաննեսը ժպտալով Խչեյանին ասաց՝ «ինքն էդ կենացը ոչ միայն առաջարկում ա, այլեւ ուզում ա էդ կենացի վրա արտահայտվի», եւ Խչեյանն ասաց՝ «բայց Հրաչի կենացն արդեն խմել ենք», եւ Հովհաննեսը ժպտալով Խչեյանին  հարցրեց՝ «դեմ ե՞ս, որ մեր Հրաչի կենացը մի անգամ էլ խմենք», եւ Խչեյանը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մեր ախպեր Հրաչի կենացը կարամ մինչեւ լուս խմեմ», եւ Հովհաննեսը  Խչեյանին ասաց՝ «լսենք՝ մեր ախպերն ինչ ա ասում», եւ Չուգունը բաժակը նորից բարձրացրեց, խորը շունչ քաշեց ու ասաց՝ «ես ու Հրաչն իրար հետ ախպոր պես ենք էղել», եւ Խչեյանը Չուգունին ընդհատելով ասաց՝ «Հրաչը մեր էլ ախպերն ա», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու», եւ Խչեյանը թարս նայեց Չուգունին ու ասաց՝ «էդ էր մնացել՝ բան ասեիր», եւ Հովհաննեսը Խչեյանին սաստելով ասաց՝ «չես թողնելո՞ւ էս  մարդն իրա կենաց խոսքն ասի», եւ Խչեյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կենաց խոսք», եւ Հովհաննեսն ասաց՝ «էս մարդն ուզում ա Հրաչի կենացը խմի», եւ. Խչեյանը հարցրեց՝  «ո՞վ ա ուզում Հրաչի կենացը խմի», եւ Հովհաննեսը Չուգունին մատնացույց անելով ասաց՝ «էս մարդը», եւ Խչեյանը փռթկացնելով Հովհաննեսին հարցրեց՝ «Վահան Տերյա՞նը», եւ Հովհաննեսը փռթկացնելով Չուգունի իսկական անունն ու ազգանունն ասաց, բայց էս պահին Չուգունի իսակական անունն ու ազգանունը մտքիցս թռել են, եւ մեր ընդհանուր ծանոթներից որեւէ մեկը չկա, ումից կարողանայի Չուգունի իսկական անունն ու ազգանունը ճշտել, եւ մեր ընդհանուր ծանոթներից թերեւս միայն Խչեյանն է ողջ, բայց Խչեյանի էլ հեռախոսի համարը չունեմ, որ զանգեմ ու Չուգունի իսկական անունը հարցնեմ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930