Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ից կրկին հնչում են բազմակարծության եւ կոնսոլիդացիայի ապահովման հիշեցումներ

Հունիս 19,2015 17:00

Մինչդեռ ՀՀ իշխանությունները համառ են սահմանադրական բարեփոխումները անգամ
քաղաքական կոնսոլիդացիայի բացակայության պայմաններում ավարտին հասցնել:
Հայաստան այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները համարել են քաղաքական բազմակարծության ամրապնդումը, Ազգային ժողովի առաջ կառավարության հաշվետվողականության բարձրացումը եւ քաղաքական համակարգին հասարակության վստահությունը:

Սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական դաշտում այս պահի դրությամբ բազմակարծություն եւ կոնսոլիդացիա, որի մասին բազմիցս շեշտել է Վենետիկի հանձնաժողովը, ապահովված չեն: «Առավոտը» ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի մի կողմից՝ ԵԽԽՎ-ի վերապահումները այս հարցի վերաբերյալ, մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունների համառությունը, նաեւ այն, որ այս առիթով ՀՀ ԱԺ-ում քննարկվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, պատգամավորը ընդունեց, որ այդ օրենքն իրականում ունի թերություններ, սակայն ինքը ԱԺ-ին ներկայացված տարբերակին կողմ չի եղել, քանի որ այդ փոփոխություններով թերություններն ու բացթողումներն ամբողջովին չեն վերացվում: Ըստ պարոն Քոքոբելյանի՝ ՀՀ-ում ամենամեծ դեֆիցիտը հասարակական վստահության հարցում է, քանի որ բացառությամբ 1991-ի՝ ՀՀ-ում ընտրություններն անցել են որոշակի ճգնաժամային իրավիճակում: Պարոն Քոքոբելյանը հանրաքվեի հետ կապված բացասական կանխատեսումներ ունի. «Շատ հավանական է, որ այս անգամ էլ սահմանադրական փոփոխությունների անցկացումը կարող է առանձնապես չտարբերվել նախկին փորձերից»: Ըստ պատգամավորի՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որին չի կարելի ձեռք տալ, բայց նաեւ կարծում է, որ ՀՀ-ում գոյություն ունեցող արտաքին ու ներքին մարտահրավերները միայն Սահմանադրության հետ կապված չեն:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ՀՀ իշխանությունների՝ ԵԽԽՎ-ի բազմակարծության եւ կոնսոլիդացիայի ապահովման հորդորներին ականջալուր չլինելը բացասաբար ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների, մասնավորապես՝ մինչեւ տարեվերջ սպասվող նոր փաստաթղթի ստեղծման վրա, կամ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է վարվի, որ կարողանա ե՛ւ իր վերարտադրության հարցերը լուծել, ե՛ւ ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները բարելավել, պարոն Քոքոբելյանը գերադասեց այդ երկու գործընթացներն իրար հետ չկապել ու նշեց. «Սահմանադրական բարեփոխումները պետք է բխեն ՀՀ քաղաքացիների շահերից, եւ բազմակարծությունը պետք է ապահովի անկախ դատական համակարգը, որը դա չի անում»:

Պարոն Քոքոբելյանը անդրադարձավ ԵԽԽՎ-ի այն դիտարկումներին, թե բացի քաղաքական համակարգի փոփոխությունից՝ սահմանադրական փոփոխությունները պետք է նաեւ ապահովեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, անկախ դատական համակարգ, ու ամենեւին էլ այդ դրական շղարշներով չէ, որ պետք է «փաթեթավորել» այդ փոփոխությունների հիմնական նպատակը թաքցնելը: Խաչատուր Քոքոբելյանը ընդունում է, որ այս հարցում ԵԽԽՎ-ն ունի լուրջ վերապահումներ, բայց նաեւ չի ընդունում որոշ քաղաքական ուժերի այն կեցվածքը, որոնք բոյկոտում են բովանդակային քննարկումները, քանի որ դրանով նրանք իշխանություններին թույլ են տալիս անցկացնել այն Սահմանադրությունը, որը ձեռնտու է իրենց: Մեր այն դիտարկմանը՝ իսկ կա՞ այլընտրանք, քանի որ արդեն որոշակի է նաեւ այն, որ աշնանը հանրաքվե է կազմակերպվելու այս հարցով, պարոն Քոքոբելյանը նկատեց, թե վաղ է եզրահանգումներ անելը, քանի որ փաստաթուղթը դեռ վերջնական տեսքով ներկայացված չէ: Նա շեշտեց, թե առավել կարեւոր է քաղաքացու մասնակցությունը Սահմանադրության եւ ընտրական համակարգի ընտրության հարցում, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն «այո»-ի եւ «ոչ»-ի համար, ու քաղաքացին հնարավորություն ունենա իր «ոչ»-ն ասելու, ինչը մինչեւ այս պահը ապահովված չէ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930