Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները չեն կարողանում ժամանակին հարկերը վճարել

Հունիս 19,2015 16:00

Մինչեւ բերքը չեն իրացնում, հողի ու գույքի հարկ վճարող չկա

Համայնքներում մշտապես եկամուտների հավաքման խնդիր է լինում: Գյուղացիները գումար չեն ունենում, որպեսզի ժամանակին վճարեն իրենց հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ, եւ մինչեւ բերքը չի հասունանում, չեն վաճառում՝ հարկեր չեն կարողանում մուծել:

Ընդ որում, եթե բերքառատ չի լինում տարին, հարկերն էլ չեն կարողանում ամբողջությամբ վճարել:

Արմավիրի մարզում 2 տասնյակ միլիոն դրամի աշխատավարձերի պարտք է կուտակվել: Այս մարզում 17 համայնք չեն վճարել իրեն աշխատակիցների աշխատավարձերը, որը մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանի խոսքերով՝ «Ընդամենը 27.5 միլիոն դրամի պարտք է»:
Ըստ Վարազդատ Մկրտչյանի՝ ամենամեծ պարտքը Նալբանդյան համայնքինն է՝ 10 միլիոն 777 հազար դրամ: Վարչության պետի խոսքերով՝ աշխատավարձերի վճարումը պայմանավորված է հավաքված եկամուտների մակարդակով, եւ այն համայնքները, որոնց եկամուտների հավաքագրման մակարդակը ցածր է եղել, չեն կարողացել աշխատավարձեր վճարել:

«Ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի հուլիսի 1-ի դրությամբ ոչ մի համայնք չունենա աշխատավարձի պարտք»,- վստահեցրեց վարչության պետը:
Մեր այն հարցին՝ քանի՞ ամսվա պարտք է այդ 27.5 միլիոնը, Մկրտչյանն ասաց, որ տարբեր համայնքներում՝ տարբեր: Փորձեցինք պարզել՝ 1, 2, 3 ամսվա՞ է պարտքը, թե՞ ավելի շատ, Վարազդատ Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Լավագույն դեպքում՝ 3 ամիս»:
«Առավոտը» փորձեց նաեւ ճշտել, թե Մկրտչյանը ասելով՝ աշխատանքներ են տարվում պարտքերի մարման ուղղությամբ, ի՞նչ նկատի ունի, ի՞նչ աշխատանքներ են տանում, վարչության պետը մեր հարցին հարցով պատասխանեց. «Դուք քննարկմանը, մարզխորհրդի նիստին ներկա եղե՞լ եք»: Երբ մենք տեղեկացրինք, որ Երեւանում ենք աշխատում եւ, ցավոք, մարզխորհրդի նիստին ներկա չենք կարողացել լինել, վարչության պետը զարմացած հարցրեց. «Բա որ Երեւանում եք աշխատում, բա էդ ո՞նց եղավ, որ էդ տվյալներին ծանոթացաք Երեւանում աշխատելով»: Մենք փորձեցինք Մկրտչյանին պարզաբանել, որ լրատվամիջոցն այնպիսի մի բան է, որ տեղեկատվության տարբեր աղբյուրներ է ունենում, տարբեր մարդիկ տարբեր խնդիրներով են դիմում, քանի որ լրատվամիջոցները կոչված են բարձրաձայնել այդ խնդիրները: Մեր այս դիտարկմանը պարոն Մկրտչյանն ասաց. «Ուրեմն ոչ օպերատիվ է եղել ձեր տեղեկությունը, տվյալներին չեք տիրապետում»:

Ի դեպ, Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքը երեկ մարել է աշխատավարձերի պարտքը եւ այլեւս ոչ մի լումայի պարտք չունի: Փաստորեն, մարզպետարանի պաշտոնյան, որի համար մենք ոչ օպերատիվ եւ տվյալներին չտիրապետող ենք, հենց ինքը չի տիրապետում իր մարզի տվյալներին ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տրամադրում լրատվամիջոցին:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե իրենց նշած՝ այդ պարտքերը մարելու միջոցառումները որո՞նք են, Վարազդատ Մկրտչյանը նորից հարցին հարցով պատասխանեց. «Դուք ընդհանրապես գյուղատնտեսությանը ծանո՞թ եք»:
Մեր դրական՝ այո, իհարկե, պատասխանից հետո վարչության պետը շարունակեց. «Դե, եթե գյուղատնտեսական բերքը հասնում է հուլիս ամսին, մայիս ամսի կեսերից սկսվում է բերքահավաքը՝ որ պտուղը, որ կուլտուրան երբ հասունանում է, հողի սեփականատերն իր բերքը իրացնում է, որից հետո իր մուծումները՝ հողի հարկի, գույքահարկի եւ այլ վճարները, կատարում է: Հիմա մենք համայնքներ ունենք, որտեղ ծառապտուղները հասած չեն եղել, այսինքն՝ իրացում չի եղել, չեն կարողացել իրենց համայնքի բնակիչներին պարտադրել, ստիպել, որ վճարում կատարեն: Որ համայնքում իրացումը սկսվում է՝ նրանց մոտ թեթեւանում է վիճակը»: Մեր հարցին էլ՝ այս խնդիրը մի՞շտ կա, թե՞ սեզոնի հետ է կապված, Վարազդատ Մկրտչյանն ասաց, որ սեզոնայնության հետ է կապված:
Իսկ Նալբանդյանի համայնքապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը 2007 թվականից աշխատում է եւ երբեք պարտքեր չի ունեցել. «Նորմալ է, 2 անգամ սեզոնին ֆինանսական խնդիրներ ենք ունենում, չենք կարողանում հարկերը հավաքել ու աշխատավարձեր տալ: 2 ամիս հետո կարգավորում ենք, նորմալ է: 2 ամիս աշխատավարձ չենք ստացել, բայց կարգավորվեց»:

Մենք խնդրեցինք գյուղապետից պարզել, թե ի՞նչն է նորմալ, երբ գյուղացիները հարկերը չեն կարողանում վճարել, գուցե գյուղացիները չե՞ն կարողանում ամբողջությամբ իրենց հողատարածքները մշակել, գուցե գյուղացիների թի՞վն է պակասել, ինչի հետեւանքով հարկերն էլ են պակասում, Նալբանդյան համայնքի ղեկավարը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Մարդիկ կան, որ մինչեւ հիմա չեն կարողանում շուկա գնալ, մենք ո՞նց կարանք աշխատավարձ ստանանք:

Ապրանք չունեն ծախելու, էս սեզոնին շուկա չեն գնում, բերք չունենք, մի քիչ ուշ են գնում»: «Առավոտի» ճշտող հարցին՝ եթե բերք չունենալու պատճառով գյուղացիները շուկա չեն գնում, այդ ինչպե՞ս են մարել 10 միլիոն դրամից ավելի հարկերը, գյուղապետն ասաց. «Շատ սովորական: Էսօր գնացել են շուկա, եկել են, հարկերը տվել են»: Մենք խնդիրը պարզելու համար նորից մեր հարցերը կրկնեցինք, բայց գյուղապետը, չգիտես ինչու, այսպես պատասխանեց. «Ես հիմա որ ձեր հետ խոսում եմ՝ ջանս դողում ա, ինչքան վատ բան կա, լրագրողներից ա լինում»: Երբ մենք խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ նկատի ունի գյուղապետը, վերջինս ասաց. «Հիմա, գիտեմ, իմ հետ կխոսաք, էգուց «տելեւիզորով» նենց բան կասեք, որ ես 1 շաբաթ տակից չեմ կարա դուրս գամ»: Նշենք, որ մենք բջջային հեռախոսով էինք զրուցում գյուղապետ Մկրտչյանի հետ, նրան նախապես տեղեկացրել էինք՝ «Առավոտ» օրաթերթից են իրեն զանգահարել, եւ ընդամենը ուզում էինք գյուղում առկա խնդրի մասին խոսել: Գրիգոր Մկրտչյանը կրկնեց, որ համայնքում աշխատավարձերի պարտքի խնդիր երեկվա դրությամբ չկա. «Զանգեք մարզպետարան, ասեք՝ սխալ եք ասել, իրանք տվել են պարտքերը»:

Մեզ այդպես էլ չհաջողվեց գյուղապետից պարզել, թե որտեղի՞ց է այդ վաղը, բայց հասկացանք, որ ի տարբերություն որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ նա գյուղացիների «դրության մեջ մտել է», ու չի էլ փորձել նրանց պարտադրել հարկեր վճարել, որպեսզի ինքն ու իր աշխատակիցները աշխատավարձերը ժամանակին ստանան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930