Օրերս Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հուշաքար տեղադրվեց Երեւանի Սայաթ-Նովա 25 հասցեում՝ այն շենքի պատին, որտեղ 1934-1958թթ. ապրել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1966 թ.-ին «Կոնյակի արտադրության բարձր վարպետի» կոչման արժանացած Մարգար Սեդրակյանը: Մտահղացումը նրա որդունն էր՝ Սեդրակ Սեդրակյանինը, հուշատախտակի հեղինակները՝ ճարտարապետներ Իզա Չոլախյանը եւ Հրաչյա Պողոսյանը:
Միջոցառման ընթացքում հնչեց Մարգար Սեդրակյանի դստեր՝ Անահիտ Սեդրակյանի երգը՝ նվիրված իր հորը, որի բառերի հեղինակն է Գեւորգ Խռլոպյանը:
Հիշեցնենք, որ Մարգար Սեդրակյանը 1940-1973թթ. Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգն էր եւ ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը։ Նրա ստեղծած կոնյակներից են «Տոնական», «Հոբելյանական», «Ընտիր», «Հայաստան», «Արտաշատ», «Դվին», «Երեւան», «Արարատ», «Աղթամար», «Նաիրի», «Վասպուրական» եւ շատ այլ տեսակներ:
Միջոցառման ընթացքում էլ հնչեց մի ուշագրավ պատմություն, որը վերջերս թղթին էր հանձնել Վաչագան Սարգսյանը: Այն է՝ Ուինսթոն Չերչիլը նկատել էր, որ հայկական կոնյակի որակը զգալիորեն ընկել է։ Այդ մասին տեղեկանում է Ստալինը, որն իր «ներքին հետաքննությունն» է անցկացնում եւ պարզում, որ «Դվինի» ստեղծողը՝ գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը, որպես «ժողովրդի թշնամի» աքսորվել է Ալթայի երկրամաս. «Խորհրդային առաջնորդի կարգադրությամբ անզուգական վարպետ կոնյակագործն ազատ է արձակվում եւ վերականգնվում իր աշխատանքին։ Բնականաբար, հայկական կոնյակը, հուրախություն նաեւ Չերչիլի, վերստին գտնում է իր անկրկնելի համն ու բույրը»:
«Առավոտ» օրաթերթ
18.06.2015