Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը տուգանք եւ արագացված դատաքննություն՝ երեխաների թունավորման գործով

Հունիս 19,2015 14:30

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չէին պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել էր մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների ու նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

Գործը մինչ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելը, նախաքննական մարմինը պարզել էր, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսեւորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ»:

Խախտվել են ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
Հաստատվել էր նաեւ այն, որ թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ. «Ստեղծված իրավիճակը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման»:

Այս գործով քննիչը որոշում էր կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանին եւ նույն մանկապարտեզի բուժքույր Նաիրա Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով՝ «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ արագացված դատաքննությամբ լսեց եւ ավարտեց Նաիրա Առաքելյանի գործով դատական նիստը:

Մանկապարտեզի բուժքրոջ նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

Մանկապարտեզի տնօրենի գործը այս դատարանում չլսվեց, քանի որ մինչդատական փուլում նա չի ներկայացել նախաքննության մարմնին, տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Մ. Մանուկյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գործի վարույթն առանձնացվել է:

Բուժքրոջ նկատմամբ դատարանը նշանակել է պատիժ՝ տուգանք հարյուր հազար դրամի, նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Քաղհայցի հարցը համարվել է լուծված, քանի որ տուժողներ Տիրուհի Ավետիսյանի, Սեդա Քոչարյանի, Վարդուհի Հովակիմյանի, Արմինե Թադեւոսյանի, Անուշ Գասպարյանի կողմից քաղհայց չի ներկայացվել:

Ն. Առաքելյանը եւ նրա պաշտպանը՝ Մ.Գինոսյանը միջնորդել էին արագացված դատաքննություն, բուժքույրն ընդունել էր իր մեղքը, իսկ մարզի դատախազի տեղակալ Ա. Սարգսյանը մինչեւ դատաքննությունը սկսելը, չի առարկել, որ ամբաստանյալի նկատմամբ դատական քննությունն անցկացվի արագացված դատաքննությամբ:
Արագացված քննությունը հնարավորություն չի տվել, որպեսզի հրապարակայնացվեր մանկապարտեզի խոհանոցում կատարվածը: Ն. Առաքելյանի պարտականությունների մեջ է մտնում այն, որ նա պետք է հետեւեր, որպեսզի պահպանվեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման ներկայացվող հիգենիկ պահանջները, ստուգեր սննդի որակը, կերակրատեսակների պատրաստման խոհարարական մշակման եղանակի պահպանման պահանջները: Մինչդեռ, ըստ ոչ հրապարակային դատական գործընթացի, նա դրսեւորել էր հանցավոր անփութություն, չի իրականացրել վերոհիշյալ հրամանի պահանջները, ինչը հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, աշխատակիցների զանգվածային թունավորմանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930