Լիպարիտ Սիմոնյանը հանդիսանում է ավազակային հարձակման մեջ կասկածվող Փարսադան Էրիկի Փարսադանյանի պաշտպանը
Վերջինի գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Սահակյանի վարույթում:
Պաշտպանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ բողոքով դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, իսկ բողոքն ուղղված է Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ն. Մուրադյանի որոշման եւ նրա գործողությունների դեմ:
Փ. Փարսադանյանը կասկածվում է ավազակային հարձակման համար: Նրա գործի հանգամանքների մասին անդրադարձել ենք մայիսի 1-ին՝ «Քննիչին հեռացրել են վարույթից», ապրիլի 6-ին՝ «Քննիչը ինչպես է կազմակերպել ճանաչման գործողությունը» «Առավոտի» հրապարակումներում:
Կարդացեք նաև
Լիպարիտ Սիմոնյանի տեղեկացմամբ, օրեր առաջ՝ հունիսի 10-ին, քննիչի կողմից հայտարարվել է քրեական գործով նախաքննության ավարտը եւ գործի նյութերի պատճենները տրամադրվել է ծանոթացման համար:
«Միջնորդել եմ գործի նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրել 5 օր ժամանակ: Հունիսի 16-ին ստացել եմ քննիչ Ն. Մուրադյանի հունիսի 10-ի որոշումը, որով սահմանափակվել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկու օր ժամանակով՝ մինչեւ` հունիսի 12-ը»,- ասում է Լ.Սիմոնյանը:
Ի դեպ, քննիչն իր որոշումը պատճառաբանել էր այսպես. մեղադրյալի եւ քննիչի կողմից գործի նյութերին ծանոթանալու ժամկետը ողջամիտ չէ, քանի որ պաշտպանական կողմը մինչ քրեական գործի լուսապատճենները ստանալն իր տրամադրության տակ ունեցել է քրեական գործով կատարված քննչական գործողությունների լուսապատճենների «գրեթե ողջ փաթեթը», ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ գործի նյութերին ծանոթանալ եւ միջնորդություններ հարուցել 2-օրյա ժամկետում:
Պաշտպանի գնահատմամբ, քննիչի որոշումն անհիմն է. «Այն նպատակ ունի հնարավորություն չտալ ամբողջությամբ ծանոթանալու քրեական գործի նյութերին, առավել եւս այն դեպքում, երբ պաշտպանական կողմին գործի նյութերը չէին ներկայացվել համարակալված եւ կարված վիճակում, ինչպես նաեւ ծանոթացման համար չեն ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակները»:
Քննչական կոմիտեի նախագահին բողոքաբեր պաշտպանը ներկայացնում է օրենքով սահմանվածը. այն է՝ «Քննիչը ծանոթացման համար գործի նյութերը ներկայացնում է համարակալված էջերով եւ յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով՝ մեկ կամ մի քանի կարված հատորների տեսքով: Պետք է ներկայացվեն նաեւ գործի հետ պահվող իրեղեն ապացույցները եւ քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները: Եթե գործը բաղկացած է մի քանի հատորներից, բոլոր հատորները պետք է ներկայացվեն միաժամանակ:
Դատավարության մասնակիցներին գործի հետ ծանոթացնելիս քննիչը, նրանց միջնորդությամբ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ վերարտադրում է ձայնագրառությունը, կինո եւ տեսաֆիլմերը, արձանագրությունների հավելված տեսապատկերները, ներկայացնում է իրեղեն ապացույցները»:
Ուշադրության արժանի է այն, որ դատարան ուղարկված քրեական հարյուրավոր գործերի քննության ժամանակ ապացույցների հետազոտման ընթացքում պարբերաբար բարձրացվում է այն հարցը, թե ինչու պաշտպանական կողմը նախաքննության ժամանակ չի վիճարկել ապացույցների ոչ պատշաճ ներկայացման խնդիրը:
Այն, ինչն այս դեպքում բարձրաձայնում է պաշտպանը:
Մինչդեռ ծանոթացման համար քննիչը քրեական գործի նյութերը չի ներկայացրել համարակալած էջերով, փաստաթղթերի ցանկով, ինչպես նաեւ չի ներկայացվել ծանոթացման համար եւ չի տրամադրվել իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը, որը իր մեջ պարունակում է տեսանյութեր:
Անդրադառնալով քրեական գործի նյութերին ծանոթանալու երկու օրով սահմանափակմանը՝ Լ Սիմոնյանն ասում է, որ այն նույնպես չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման նորմ նախատեսված չէ, իսկ օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ գործի նյութերին ծանոթանալու համար չներկայանալու դեպքում այն կարող է հետաձգվել 5 օր ժամանակով, եւ ելնելով այս տրամաբանությունից, թեեւ ես եւ պաշտպանյալս ներկայացել ենք ծանոթանալու համար, առնվազն ծանոթացման համար պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետ»:
Պարզվեց նաեւ, որ փոստային բաժանմունք նյութերը քննիչը մուտք է արել հունիսի 13-ին, այն դեպքում, երբ ծանոթանալու ժամկետը սահմանափակել էր` մինչեւ հունիսի 12-ը: Նկատենք, որ քննիչի որոշումը փոստային առաքմամբ փաստաբանին է տրամադրվել հունիսի 16-ին: «Այսինքն, քննիչ Ն.Մուրադյանը, որոշումը փոստային բաժանմունք մուտք անելով հունիսի 13-ին, պաշտպանական կողմի համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ հունիսի 12-ին գործի նյութերին ծանոթացած լինելու դեպքում էլ միջնորդությունը կներկայացվեր ժամկետանց»,- ասում է Լ. Սիմոնյանը:
Լ. Սիմոնյանը խնդրում է Աղվան Հովսեփյանին, որպեսզի ցուցում տրվի ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի ՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ն. Մուրադյանին՝ ծանոթացման համար պաշտպանական կողմին տրամադրելու իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը, ինչպես նաեւ գործի նյութերի ցանկը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2015