Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ ամեն արտիստի, հատկապես անվանի, երկրից գնալն ու գալն իսկույն իմացվում է: Նույնը պատահեց նաեւ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի պարագայում: Բեյրութում 7 ամիս անցկացնելուց հետո նա վերադարձել է հայրենիք: Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանում է, սակայն որեւէ ներկայացման մեջ պարուհուն չենք հանդիպում, այն դեպքում, երբ նա Ազգային օպերային թատրոնում գլխավոր դերապարերով զբաղված է եղել բալետային խաղացանկի համարյա բոլոր ներկայացումներում:
«Առավոտի» հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը մանրամասնեց՝ ասելով, որ 7 ամիս դասավանդել է Բեյրութի Համազգայինի արվեստի դպրոցում, ուր պայմանագրով էր հրավիրված աշխատելու: «Այնտեղ ես ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների ազգային պարեր, դասական ու ժամանակակից բալետային արվեստ էի դասավանդում 5-18 տարեկաններին: Իմիջիայլոց, դասական բաժնում ունեի նաեւ արաբ ուսանողներ: Չեմ թաքցնի՝ ինչքան մոտենում էր Հայաստան վերադառնալուս օրերը, այնքան անհամբեր էի դառնում: Միեւնույն ժամանակ դժվար էր բաժանվել սաներիցս: Ընդ որում, տնօրինությունն էլ ինձանից չէր ուզում բաժանվել…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ Բեյրութում անցկացրած ժամանակահատվածում ամուսնու՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանի հետ հանդես են եկել համերգներով, ներկայացնելով ինչպես համաշխարհային բալետային գրականությունից պարային նմուշներ, այնպես էլ հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Մանսուրյանի երաժշտությամբ ստեղծված նմուշներ:
Քանի որ քիչ ժամանակ է մնացել ընթացիկ թատերաշրջանի փակմանը, հետաքրքրվեցինք՝ պարուհուն կտեսնե՞նք գոնե իր այցեքարտային դերապարերում (այդ թվում՝ Ֆրիգիա՝ Խաչատրյանի «Սպարտակում», Ջուլիետ՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում»), Ժակլին Սարխոշյանն ասաց, որ այս թատերաշրջանում օպերային թատրոնի խաղացանկում իրեն չենք հանդիպի, քանի որ գործող կարգի համաձայն՝ թատրոններում վաղուց կատարված եւ ավարտված է լինում դերաբաշխումը:
«Հուլիսի 4-ին Ազգային օպերային թատրոնում ես գործընկերներիս հետ կներկայանամ իմ լիբրետոյով ու խորեոգրաֆիայով Էդուարդ Համբարձումյանի «Երազ» ներկայացմամբ: Իսկ գալիք թատերաշրջանում, կարծում եմ, հանդիսատեսը ինձ կտեսնի խաղացանկային տարբեր ներկայացումներում եւ գուցեեւ նոր բեմադրություններում»,- հավելեց պարուհին:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը՝ իսկ եթե կրկի՞ն ունենա պայմանագրով աշխատելու հրավերներ, Ժակլին Սարխոշյանի պատասխանը հակիրճ էր. «Դեռ չգիտեմ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2015