Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնում գլուխը դեսուդեն շրջել, պայուսակ բացել-փակել չի կարելի

Հունիս 19,2015 11:30

Վարվեցողության կանոններն ամենուր են մեզ պետք: Ինչպես մեզ են տհաճություն պատճառում այն անձինք, որոնք տարբեր իրավիճակներում դրսեւորում են սխալ վարքագիծ, նույնքան էլ մենք կարող ենք տհաճություն պատճառել մեր դիմացինին` չտիրապետելով վարքագծի կանոններին: Երեկոյան հանգստանալու, լիցքաթափվելու եւ բավարարվածության զգացողության համար շատերը նախընտրում են հաճախել թատրոն կամ համերգ, բայց քչերն են տիրապետում այդ միջավայրում գեղեցիկ վարքագծի կանոններին: Թատրոն եւ համերգ գնալիս պետք է ընտրել համապատասխան՝ փոքր-ինչ տոնական հագուստ (սմոքինգ կամ երեկոյան զգեստ հագնելը պարտադիր չէ)։ Տղամարդիկ շենքի ներսում գլխարկը հանում են։ Կինը գլխարկը պետք է հանի այն դեպքում, եթե այն մեծ է ու բարձրագագաթ եւ կարող է խանգարել հետեւի շարքում նստածներին։
Թատրոն կամ համերգ ցանկալի է գնալ այն սկսվելուց առնվազն 10-15 րոպե շուտ, որպեսզի առանց շտապելու, մինչեւ ներկայացումը սկսվելը զբաղեցնենք տոմսում նշված տեղը։

Հանդերձարանում տղամարդը օգնում է կնոջը հանելու վերարկուն եւ այն հանձնում է հանդերձապահին։ Հանդերձարանի հայելու առջեւ կարելի է կարգի բերել միայն սանրվածքը։ Հանդերձասրահ կամ թատրոնի դահլիճ սկզբում մտնում է տղամարդը, իսկ դահլիճից առաջինը կինն է դուրս գալիս։ Եթե դահլիճ պետք է մտնեն երկու զույգ, ապա առաջինը մտնում է տղամարդկանցից մեկը, նրանից հետո՝ երկու կանայք, իսկ վերջում՝ մյուս տղամարդը։ Նստում են միեւնույն կարգով՝ կանայք կենտրոնում, տղամարդիկ՝ նրանց կողքին։

Նստատեղերի մեջտեղով անցնում են դեմքով դեպի նստածները։ Անցնողներին ճանապարհ տալու համար տղամարդիկ ոտքի են կանգնում։ Կանայք նման դեպքում կարող են նստած մնալ, սակայն, եթե անցնողը տարեց մարդ է, հարգի է կանգնել նաեւ կանանց։
Եթե ներկայացումն արդեն սկսվել է, շարքերով անցնողները պետք է ներողություն խնդրեն նստածներից։

Նստելիս եւ կանգնելիս պետք է խուսափել աղմուկից։ Պետք չէ բազկաթոռի երկու բազուկներն էլ զբաղեցնել, քանի որ հարեւանը եւս կարող է հենվելու ցանկություն ունենալ։

Ուրիշի տեղում չեն նստում, հատկապես, երբ տեղի տերն ուշացել է. դա կարող է տհաճությունների պատճառ դառնալ։

Ներկայացման կամ համերգի ընթացքում չեն զրուցում, տեսածը չեն պարզաբանում, եթե անգամ ծրագիրն անհետաքրքիր է։ Ելույթի ժամանակ պետք է աշխատել չզբաղվել այնպիսի բանով, որը կարող է անհանգստություն պատճառել հարեւաններին։
Խոսակցություններից ոչ պակաս շրջապատին խանգարում են կոնֆետի թղթերի ճռճռոցը, պայուսակի փականի չխկոցը, գլուխը դեսուդեն շրջելը եւ այլն։

Ուժեղ հազ կամ հարբուխ ունեցող մարդը պետք է մտահոգվի մյուսների առողջության մասին եւ այդպիսի վիճակում հրաժարվի համերգից կամ ներկայացումից։
Չպետք է ծափահարել ներկայացման կամ երաժշտական ստեղծագործությունների (սիմֆոնիաներ, սոնատներ եւ այլն) ընթացքում, այլ միայն՝ դրանց ավարտից հետո։ Անքաղաքավարի է ծափահարություններն ուղեկցել բացականչություններով, սուլոցներով եւ ոտքերի դոփյունով։ Հասարակությունը ելույթ ունեցողին կարող է պատիվ տալ ոտքի կանգնելով։ Թատրոնում կամ համերգասրահում նախքան վարագույրի փակվելը չպետք է վազել հանդերձարան՝ վերարկուն վերցնելու։ Դահլիճից պետք է դուրս գալ ներկայացման ավարտից հետո (ներկայացման ընթացքում դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում)։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930