Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հակակարկտային կայաններ չկան

Հունիս 18,2015 22:21

Հունիսի 11-ի  երեկոյան շուրջ կես ժամ՝ 21.58-ից մինչեւ 22. 27-ը տեղացած կարկուտը  վնասներ է պատճառել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր, Այրում, Հաղթանակ, Բագրատաշեն, Բերդավան բնակավայրերին: Կարկտահարության պատճառած վնասները շատ մեծ են Արճիս, Լճկաձոր գյուղերում եւ Այրում քաղաքում:

Համացանցում տարածվել են ոչ պրոֆեսիոնալ կերպով նկարահանված կադրեր, որտեղ երեւում են հավի ձվի մեծության եւ նույնիսկ ավելի մեծ չափի սառցե գնդեր: Կարկտահարությունից հետո բնական տարերքից տուժած բնակավայրերում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ, որոնք հաշվարկել են  պատճառված վնասների չափերը: Վնասների վերաբերյալ տվյալները ուղարկվել են Տավուշի մարզպետարան:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Արճիսում, Լճկաձորում եւ Այրումում ցանքատարածությունների եւ պտղատու այգիների բերքն ամբողջությամբ ոչնչացել է: Նա ասաց,որ իրենք դրա մեջ համոզվել են այդ գյուղեր կատարած այցի ժամանակ: Ըստ տեղական հանձնաժողովների կատարած հաշվարկների՝ Արճիսում կարկտահարության պատճառած վնասը 244 միլիոն, Լճկաձորում՝ 40, Այրումում՝ 15 միլիոն դրամի չափ է:

Վերոհիշյալ 3 բնակավայրերում կարկտի հարվածներից բազում տների տանիքների ազբոշիֆերներ, տների եւ ավտոմեքենաների ապակիներ, ջերմոցների ծածկեր են ջարդվել; Դրանց վնասների գումարները նշված չեն կարկտահարության վնասների մասին վերոհիշյալ ակտերի մեջ: Վ. Սուքոյանն ասաց, որ Լճկաձորում եղել է 1000-ից ավելի մեղվաընտանիք: Կարկտահարության պատճառով դրանցից մեղուները դուրս են եկել եւ ամբողջությամբ ոչնչացել:

Լճկաձորում ոչնչացել է նաեւ 600 քառակուսի մետր մակերեսով ջերմոց: Նա հայտնեց, որ առաջիկայում Տավուշի մարզպետարանի հանձնաժողովը կլինի Հաղթանակ, Բերդավան, Բագրատաշեն գյուղերում եւ կպարզի, թե այդ գյուղերի տեղական հանձնաժողովների կողմից կազմված, կարկտահարության վնասների մասին տեղեկանքների տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը: Դրանից հետո կարկտահարության վնասների վերաբերյալ բոլոր տվյալները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Նոյեմբերյանի տարածաշրջանում կարկտահարությունը եւս մի անգամ բացահայտեց խոցելի տեղերը՝ այդ տարածքներում հակակարկտային կայանների բացակայությունը եւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության չլինելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930