Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան շատ մարդ լքի Հայաստանը, այնքան կհեշտանա իրենց գործը». Բողոքի ավտոերթ Երեւանում

Հունիս 18,2015 21:05

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր Երեւանի մի շարք վարչական շրջաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին իրազեկման ավտոերթ  անցկացրին: Նրանք տեղեկացնում էին նաեւ վաղը Ազատության հրապարակում նախատեսված բողոքի երթի մասին, կոչ անում քաղաքացիներին միանալ ու պայքարել անհիմն, ապօրինի թանկացման դեմ:

Ավտոերթին միացել էին նաեւ «Ռեժիմն առանց 100 ամյակի» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը վստահեցնում է՝ լավ պայքարի դեպքում կարող են թանկացման դեմն առնել, նույնիսկ ստիպել գործող սակագինը էժանացնել. «Կարող ենք ստիպել նույնիսկ հրաժարական տան»:

Որպես օրինակ նա հիշեցրեց 100 դրամի պայքարը. «Եթե մեկ օր, որ ուշանար որոշման կասեցումը, արդեն իշխանափոխություն էր լինելու: Իրենք շատ լավ գիտեն այն գիծը, որտեղից արդեն հետդարձն է»:

Դիտարկմանը այս պայքարը համեմատում եք 100 դրամի պայքարի հետ, բայց էլեկտրաէներգիայի սակագնի պայքարը թափթփված տպավորություն է թողնում, համաձա՞յն չեք, ասաց. «Ցանկացած պայքար ունի ծնվելու, ձեւավորվելու ու կարծրանալու ժամանակաշրջան: Չէի ասի՝ թափթփված պայքար է, որովհետեւ նոր է ծնվում, ձեւավորվում, ժամանակ տանք, որ կարծրանա… մինչեւ այս նախաձեռնությունը իր գործիքներով չդառնա պարտադրող, ոչ մի զիջում մի սպասեք կառավարությունից, որովհետեւ այս կառավարությունը կոչված է մարդկանց կեղեքել, թալանել, ստորացնել ու աղքատացնել մինչեւ այն սահմանը, որ մարդիկ թեւաթափ լինելով՝ լքեն Հայաստանը: Ինչքան շատ մարդ լքի, այնքան կհեշտանա իրենց գործը: Ու շատ արագ կարող են Հայաստանը վերածել դատարկ տարածության, որտեղ կերթեւեկեն ռուսական տանկերն ու այն բեռնատարները, որոնք կրում են մեր հանքարդյունաբերության հարստությունը, մեր ամբողջ ընդերքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930