Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատահական չէ, որ Անտոնիո Մոնտալտոն իր նախագծերի համար ընտրել է հենց Գյումրին». Մանուել Փամոկջյան

Հունիս 18,2015 20:25

«Հոգ ընտանիքին» հիմնադրամը, ֆրանսիական «Ֆինեկո» ինժեներական կազմակերպությունը և «Գյումրու ընկերներ» հիմնադրամը հունիսի 19-20-ը Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանի հովանավորությամբ իրականացնելու են մի շարք միջոցառումներ:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս, «Գյումրու ընկերներ» հիմնադրամի համահիմնադիր Անտոնիո Մոնտալտոյի խոսքով՝ այն, ինչ իրենք անում են Գյումրու համար, օգտակար է ողջ Հայաստանին:

Իսկ նրանց գլխավոր նպատակը Գյումրու պատմական կենտրոնի, պատմամշակութային միջավայր հանդիսացող տարածքների վերականգնումն է, այդ ամենի շնորհիվ նաև զբոսաշրջության զարգացումը և այլն:

Ֆրանսիական «Ֆինեկո» ինժեներական կազմակերպության հիմնադիր, «Գյումրու ընկերներ» հիմնադրամի համահիմնադիր Մանուել Փամոկջյանն էլ ասում է, թե պատահական չէ, որ Անտոնիո Մոնտալտոն իր նախագծերի համար ընտրել է հենց Գյումրին, և պատահական չէ, որ ինքը միացել է նրան: «Բոլորս գիտենք, թե ինչ վիճակում է հայտնվել Գյումրին հատկապես երկրաշարժից հետո: Գիտենք նաև գործազրկության մակարդակի և երիտասարդների հուսահատության մասին: Մենք մեր ծրագրերով փորձում ենք նորից հույս հաղորդել բնակչությանը, հատկապես երիտասարդներին ցույց տալ, թե կոնկրետ նախագծերի միջոցով ինչ կարելի է անել քաղաքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հստակեցրեց Փամոկջյանը:

«Գյումրու ընկերներ» հիմնադրամի համահիմնադիրների տեղեկացմամբ՝ 2014 թվականին հիմնադրված հիմնադրամը և Գյումրու համայնքի ղեկավարը որոշում են կայացրել Գյումրու սեփականություն հանդիսացող Շիրազի փողոցի N30 հասցեի կառույցը և տարածքը 30 տարի ժամկետով անհատույց հանձնել «Գյումրու ընկերներ» հիմնադրամին՝ նորոգման, վերանորոգման և օգտագործման նպատակով: Կենտրոնը կունենա տեխնիկական գրասենյակ, որտեղ հայ և օտարերկրյա փորձագետները կստեղծեն համապատասխան միջավայր Գյումրու պատմական կենտրոնի շենքերի վերականգնման ծրագրերի զարգացման համար:

Դառնալով առաջիկա միջոցառումներին՝ կազմակերպիչներն ասացին, որ դրանք կսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 16:00-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, որտեղ կներկայացվեն «Հոգ ընտանիքին» հիմնադրամի՝ Գյումրիի արհեստագործական արվեստանոցի կերամիկայի դպրոցի աշխատանքները: Դրանք ժամանակին Իզնիկում և Քութահյայում գործող կերամիկայի մեծ դպրոցի ցուցանմուշների վերականգնված տարբերակներն են: Ցուցահանդեսը կգործի չորս օր:

«Ընտրել ենք այդ ցուցանմուշները, որովհետև կարծում ենք, որ դրանք բացառիկ մոդելներ են: Վերցրել ենք այն նմուշները, որոնք ժամանակին հայերը պատրաստել են Թուրքիայում: Այսինքն՝ կարողացել են Թուրքիայի հետ համագործակցել ու արվեստի գեղեցիկ գործեր ստեղծել»,- ասաց Մանուել Փամոկջյանը:

Հաջորդ միջոցառումը կկայանա հունիսի 20-ին՝ ժամը 17:00-ին: «Գյումրու ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությամբ կտեղադրվի Գյումրու պատմական կենտրոնի նախագծման, վերականգնման և արխիվացման կենտրոնի բացման հիմնաքարը:

Միջոցառումները կեզրափակվեն հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ կկայանա հայտնի թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանի և Ազգային կամերային նվագախմբի համատեղ համերգը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930