Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստվում է ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը

Հունիս 18,2015 18:33

Հայաստանում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների առաջարկությունների հիման վրա պատրաստվելու է միջուկային էներգետիկայի մասին նոր օրենք: Թեև գործող օրենքում շատ լրամշակումներ են կատարվել, սակայն օրենսդրական բազան թարմացման կարիք ունի: Նոր օրենքը մշակվելու է հաջորդ տարի, որում հաշվի են առնվելու Ֆուկուշիմայի վթարի դասերը, միջուկային նյութերի և ֆիզիկական պաշտպանության միջոցները:

Նույն ժամանակահատվածում Մեծամորի ատոմակայանում անցկացվելու են հետազոտական աշխատանքներ վերջինիս շահագործման ժամկետը տաս տարով երկարաձգելու համար: Այդ մասին հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման խնդիրը. դրդապատճառներ և հնարավոր ռիսկեր» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, և այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և դադարեցվել է 1989թ.-ին՝ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Այնուհետև վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին՝ հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով: Ատոմակայանի երկու կայանները զինված են ռուսական ВВЭР-440 ռեակտորներով:

Գործող ատոմակայանը 440 մվտ հզորությամբ, ըստ մասնագետների, բարոյապես սպառված է, սակայն շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի հավասարակշռության և անվտանգության համար: Այն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Հայաստանի Ազգային ժողովը վերջերս հաստատեց Ռուսաստանի հետ կնքված վարկային պայմանագիրը, համաձայն որի Մոսկվան տրամադրում է հայկական կողմին 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ՝ ատոմակայանում արդիականացման աշխատանքներ իրականացնելու և վերջինիս շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակում կնքվել է 2014 թ-ի դեկտեմբերին:

Աշոտ Մարտիրոսյանը ռիսկեր չի տեսնում Մեծամորի ատոմակայանի «կյանքը» երկարաձգելու հետ կապված: «Հնարավոր է լինեն ժամկետների որոշակի ճշգրտումներ՝ կապված ֆինանսավորման խնդիրների հետ: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նախատեսված գրաֆիկով», – նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդիականացմամբ պայմանավորված ատոմակայանի գործունեության ժամանակավոր դադարեցման պարագայում հանրապետությունը խնդիրներ չի ունենա էլեկտրամատակարարման հետ:

«Կարող եմ ասել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաշվարկել է ատոմակայանի ժամանակավոր դադարեցման ժամկետները: Այդ ընթացքում պետք է կատարվեն ուսումնասիրություններ, ինչպես նաև երկրորդ փուլի աշխատանքները՝ ուղղված կայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և սարքավորումների փոփոխմանը», – հայտարարեց նա: Միջազգային փորձը ցույց է տալիս, նշում է բանախոսը, որ այդ աշխատանքները տևում են մոտ վեց ամիս: «Բնականաբար այդ ընթացքում նախատեսված է օգտագործել էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ», – հավելեց նա:

Բանախոսն անդրադարձավ նաև հնարավոր ռիսկերին և վտանգներին, բայց չցանկացավ հստակ նշել դրանք, քանի դեռ չեն ավարտվել հետազոտությունները: «Միայն հետազոտությունների արդյունքում կարող ենք խոսել այն մասին, թե արդյոք ատոմակայանի շահագործման ժամկետը կարելի է երկարաձգել», – ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:

Այնուամենայնիվ նա բացեց փակագծերը՝ հավելելով, որ ռիսկերից մեկը կարող է լինել ռեակտորի մետաղի վիճակը: «Սա ուղղակի որպես օրինակ եմ նշում, քանի որ մինչ այս իրականացվել են պլանային վերանորոգման աշխատանքներ, և հուսով ենք, որ հետազոտությունների արդյունքում էլ որևէ լուրջ խնդիր չի առաջանա: Ատոմակայանի ռեակտորը չորս տարին մեկ վերանորոգվում է, և դեռ ռիսկեր չեն հայտնաբերվել», – նշեց նա:

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսը հավելեց, որ պլանավորված հետազոտություններից և արդիականացման աշխատանքներից հետո Հայկական ատոմակայանը ևս տաս տարի շահագործման լիցենզիա կստանա:

 «Մեդիա կենտրոն»

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930