Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող 36-ամյա Արման Կատունյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք, որ Արման Կատունյանը Գյումրի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր, հանգուցյալ Հարություն Գրիգորյանի հարեւանը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ դատարան չէր ներկայացել Հարություն Գրիգորյանի կինը՝ Նելլի Օհանյանը: Այսօր դատարան չէր ներկայացել դատախազը, ամբաստանյալը ու նրա շահերի պաշտպանը: Դատավորի այն հարցին, թե նման պայմաններում նպատակահարմար գտնո՞ւմ են դատը շարունակել, տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանող Թամարա Յայլոյանը դատավորին նեղված ասաց. «Մեզ համար զարմանալի է, որ ամբաստանյալի պաշտպաններն ավելի վաղ են տեղեկացել , որ դատական նիստը չի կայանալու, դատախազը չի գալու եւ չեն ներկայացել»: Դատը հետաձգվեց՝ նշանակվելով հուլիսի 3-ին:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Արման Կատունյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Ամբաստանյալի պաշտպանները տեղեկացված են եղել դատական նիստի չկայանալու մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից, որը տեղյակ է պահել այն մասին, որ չի կարող ներկայանալ ու խնդրել է դատարանից նիստը հետաձգել: Ընդ որում, ինքս՝ որպես փաստաբան, միշտ նույն կերպ եմ վարվում, հակառակ կողմին միշտ տեղեկացնելով իմ չներկայանալու մասին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ