ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը հունիսի 18-ին 89-րդ «Ռուոզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Եվրամիությունը անվստահություն է հայտնել Ֆրանսիային` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, և ցանկանո՞ւմ է ավելացնել Մինսկի խմբի համանախագահող անդամների թիվը:
Նա պատասխանեց, որ իրատեսական չի համարում Գերմանիայի ավելացումը Մինսկի խմբի համանախագահող երկրների ցանկում. «Չլինելով Մինսկի խմբի անդամ` ԵՄ-ն նաև սահմանափակված է ներգրավվածության հնարավորությունների տեսանկյունից: Մենք դրա համար էլ նշում ենք, որ աջակցում ենք Մինսկի խմբին, այդտեղ որևէ բան չի փոխվել: Այո՛, ես Գերմանիայի քաղաքացի եմ, բայց այստեղ չեմ կարող խոսել Գերմանիայի անունից: Որքանով ես եմ տեղյակ, որևէ կոնկրետ պլաններ չկան նման դեր ստանձնելու»:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրեն առաջարկել է Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվն ընդլայնել՝ ի նկատի ունենալով Թուրքիային եւ Գերմանիային: Սակայն Դաչիչը հայտարարել է, որ այդ հարցում կողմերի փոխհամաձայնացումը չի տեսնում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ