Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հույս ունի, որ գազի ակցիզային հարկը կբարձրացնեն, բայց գազի գինը չի բարձրանա

Հունիս 18,2015 18:00

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ էլի Հովիկ Աբրահամյանը նկատողություն կանի՞ Ձեզ, որ չկարողացաք կառավարության հերթական նախագիծն այնպես ներկայացնել, որ ընդունվեր պատգամավորների կողմից, այս անգամ ՀՀԿ-ականներն էլ էին դեմ:

Խոսքը «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերվում, որով նախատեսվում է հերթական թանկացումը օղու, բենզինի, գազի, ծխախոտի:

Հիշեցնենք, որ այսպես կոչված խոպանչիների մասին օրինագծի քննարկումից հետո Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել՝ նախագիծը ինչպես հարկն է չներկայացնելու համար:

Այս անգամ Վախթանգ Միրումյանը հանգիստ էր, քանի որ, ըստ նրա, այս անգամ բովանդակության հետ ունեին անհամաձայնություն, ոչ թե ներկայացման:

Ինչ վերաբերում է նախագծին, Վախթանգ Միրումյանն ասաց, որ պետությունը ակցիզային հարկ է նախատեսում այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց սպառումը չպետք է խրախուսվի. «Օղու եւ սիգարետի պահանջարկն առաձգական չէ, այնպես չի, որ եթե հարկատեսակի բարձրացում է կատարվում, դա նշանակում է, որ սպառումն էականորեն կրճատվելու է: Անգամ եթե դա հանգեցնելու է սպառման ծավալների նվազման, կամ անկման, դա ակցիզային հարկի տրամաբանությունն է»:

Միրումյանը վստահեցրեց, որ աշխատատեղերի կրճատում չի լինի նախագծի ընդունման արդյունքում. «Վերցնենք օղու օրինակը: Ներմուծվող օղին շատ ավելի թանկ է: Արտադրվող օղին՝ ավելի էժան: Հիմա եթե արժեքային դրույքաչափ է բարձրանում, օրինակ՝ 50 տոկոս, դա նշանակում է, որ ներմուծողի ակցիզային հարկը թանկանում է ավելի շատ, քան ներմուծողինը»:

Դիտարկմանը, որ փաստորեն, ներկրողներն են տուժում՝ Միրումյանը չհամաձայնեց: Նա վստահեցրեց, որ ամբողջ աշխարհի փորձն են նայել՝ նախագիծը բերելուց առաջ:

Ինչ վերաբերում է գազին, Վախթանգ Միրումյանն ասաց. Որեւէ տրամաբանություն չկա հարկել վառելիքի մի տեսակը, օրինակ, բենզին ու դիզելային վառելիքը, բայց չհարկել վառելիքի մի տեսակը, որը շուկայում սպառման կառուցվածքում բավականին մեծ տեսակարար կշիռ է կազմում»: Միրումյանն ասաց, որ հաշվարկներ են արել, եւ 8.3 դրամ՝ 1 խմ գազի համար թանկացումը շուկայում որեւէ ցնցում չի կարող առաջացնել:

Նա վստահեցրեց, որ տրանսպորտը չի թանկանա:

Լրագրողները հարցրեցին՝ կարո՞ղ եք երաշխավորել՝ Միրումյանը պատասխանեց. «Մենք հաշվարկներ ենք արել, կարող է չթանկանալ»: Երբ հակադարձ եղավ, որ կարող է եւ թանկանալ, չէ՞՝ Միրումյանը դա չբացառեց:

Լրագրողների հարցին՝ 200 դրամ հնարավոր է դառնա տրանսպորտը, դա քի՞չ է, որ ասում եք, թե էական թանկացում չի լինի, երկրի տնտեսական վիճակը թո՞ւյլ է տալիս նման փոփոխություններ անել, լսեցիք, չէ՞, թե ինչքան քննադատություններ հնչեցրեցին անգամ իշխանության ներկայացուցիչները՝ նա պատասխանեց. «Մենք պատրաստ ենք քննադատություններին դիմակայել՝ հիմնավորված հաշվարկներ ներկայացնելով: Որեւէ մեկը չի ասում, որ օրինակ, երբ գազը Ակցիզային դրույքաչափի շնորհիվ 8.3 դրամով թանկացավ, տնտեսվարողներն ի վիճակի չեն դա անել իրենց շահույթների հաշվին: Ո՞վ ասեց, որ բենզալցակայաններն ու գազալցակայանները չեն կարող դա վճարել՝ իրենց շահույթների հաշվին»:

Դիտարկմանը՝ բա որ չկատարեն, բա որ թանկանա, ի՞նչ է անելու կառավարությունը՝ Միրումյանը որեւէ երաշխիք չտվեց նաեւ այս առումով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930