«Հիմա մենք ինչքան էլ ասենք, թե 9 մլրդ-ը, որը պետք է մտնի բյուջե, էական չի, այն էական գումար է: 9 մլրդ-ի հաշվին առաջնահերթ լիքը ծախսեր կարելի է կատարել»,- այսօր լրագրողների հետ զրույցում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից բավականին լուրջ քննադատության ենթարկված կառավարության՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսպես գնահատեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ըստ նրա, Ակցիզային հարկի մասին նախագծի ընդունման արդյունքում, թանկացումն էական չէ: Լրագրողների բարձրացրած աղմուկին՝ Դուք տեսե՞լ եք ժողովուրդն ինչ վիճակում է, ո՞րն է ոչ էական թանկացումը՝ Միրումյանն այսպես բացատրեց. «Ոչ էականը հետեւյալն է. եթե ապրանքի գինը, օրինակ, 40 դրամ է, 2 դրամ ապրանքի մեջ կարող է թանկանալ, մասնագետի իմ կարծիքով, ես համարում եմ դա ոչ էական թանկացում: Եթե դուք դա համարում եք էական թանկացում, ես չեմ կիսում ձեր տեսակետը: Եթե 170 դրամի մեջ 8.3 դրամը կազմում է 2 տոկոս, առավելագույնն այդքան կարող է թանկանալ»:
Հարցին, եթե հարկի դրույքաչափի այս բարձրացման արդյունքում գծատերերը որոշեն թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, Դուք ի՞նչ եք անելու, կգնաք կասեք մի՞ թանկացրեք՝ Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Տրանսպորտի թանկացման տեսանկյունից հարցը դիտարկվել է, եւ գազի նման առաջարկը, որով հնարավոր է, որ 8.3 տոկոս գինն ավելանա, դա չի հանգեցնելու տրանսպորտի թանկացմանը»:
Լրագրողները ճշտեցին՝ հիմա եթե գծատերերը բունտ անեն, ասեն թանկացնելու են, ո՞նց եք նրանց կանգնեցնելու՝ Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Հարգելիներս, ես չեմ ասում հնարավոր չի գների բարձրացում: Ես ասում եմ՝ մենք այնպիսի դրույքաչափի բարձրացում չենք արել, որը կբերի էական թանկացման»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ դա Ձեր համար էական չէ, մեզ համար էական է ցանկացած թանկացում՝ Վախթանգ Միրումյանն առաջարկեց հաշվի առնել, որ 9 մլրդ դրամի եկամուտ է մտնելու բյուջե, որով կարող են սոցիալական ծախսեր անել, վերանայել աշխատավարձը, թոշակները. «Հիմա դա էակա՞ն է, թե՞ էական չէ»:
Հարցին՝ կառավարությանը փո՞ղ է պետք, որ այսպես հապշտապ ուզում եք լցնել, այդքան կարեւո՞ր է այս պահին այդ 9 մլրդ-ը՝ Միրումյանը պատասխանեց, որ բյուջեի համար ցանկացած միջոց կարեւոր է:
Դիտարկմանը, որ գազով 1 լիցքավորման համար 200 դրամ թանկացումը էական թանկացում է՝ Միրումյանը պատասխանեց. «Չեմ կիսում ձեր տեսակետը, բայց չեմ էլ վիճարկում: Այնուամենայնիվ, այդ 9 մլրդ-ի հաշվին կատարվող սոցիալական ծախսերը էական չե՞ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ