Լրագրողների վրա իրականացվող հարձակումների թվերի եւ քարոզչության արագ տեմպերով աճը վտանգի տակ է դնում լրատվամիջոցներին: Այս մասին այսօր ԵԱՀԿ տարածաշրջանի մամուլի ազատության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, ԶԼՄների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյաթովիչը:
«Մեդիայի ներկայացուցիչները պետք է կարողանան փնտրել, գրել եւ հրապարակել իրենց պատմություններն առանց վախենալու հետապնդումներից: Սակայն լրագրողների դեմ սպառնալիքները եւ բռնությունները շարունակում են մնալ արդյունավետ միջոցներ՝ լռեցնելու ընդդիմախոսներին եւ սահմանափակելու ազատ արտահայտվելու մարդու հիմնարար իրավունքը: Ցավոք սրտի վերջին 6 ամիսները բացառություն չէին»,- մասնավորապես նշել է նա:
Միյաթովիչն ասել է, որ 2014 թվականի նոյեմբեր ամսից հետո իր գրասենյակը գրանցել է մամուլի վրա հարձակման 45 դեպք, որոնք հանգեցրել են մահվան, վիրավորվել են լրագրողներ կամ վնասվել է նրանց սեփականությունը:
«Լրագրողների համար ֆիզիկական բռնությունը սովորական է դարձել: Արդյոք մենք այնքան հանդուրժո՞ղ են դարձել, որ մեր լրագրողների հարձակումների ենթարկվելը եւ գնդակահարվելը չեն ազդում մեզ վրա: Արդյոք մենք հոգնե՞լ ենք լսել նրանց հոգսերը: Արդյոք մենք հիմա պարզապես ընդունո՞ւմ ենք, որ բռնության ենթարկվելը նրանց աշխատանքի մի մասն է»,- հարցնում է ԵԱՀԿ ներկայացուցիչը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ