Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորների և դատախազների համար անցկացվում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում

Հունիս 18,2015 17:26

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում հունիսի 17-ից դատավորների և դատախազների համար անցկացնում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում:

Քննարկումը վարող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, բացման խոսքում թվարկելով քննարկման նպատակներն ու  կարևորությունը, մասնակիցների ուշադրությունը հրավիրել է պրոբացիայի ծառայության կայացման գլխավոր գործոնին՝ համապատասխան կամքի առկայությանը: Նա նշել է, որ ծառայության ներդրումից հետո անհրաժեշտ է բոլոր օղակների ակտիվ փոխգործակցությունը և յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ դրա կայացմանը նպաստելու գործում: Խոսելով պրոբացիայի ներդրման անհրաժեշտությունից՝ Քրմոյանը մի շարք օրինակներ է բերել, որոնք ևս մեկ անգամ ամրապնդում են  հարցադրումը՝ «Արդյո՞ք մարդուն ազատազրկելով հասնում ենք պատժի հիմնական նպատակներից կարևորին՝ ուղղմանը»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ուղղման և կրկնահանցագործության նվազեցման հարցն այսօր չի շրջանցում որևէ երկիր: Հայաստանի համար օրինակելի են բոլոր այն երկրների առաջատար փորձերը, որոնց հաջողվել է պրոբացիայի կիրառմամբ նվազեցնել հանցագործության հակվածության ռիսկայնության աստիճանը: Սուրեն Քրմոյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի վիճակագրության, որի համաձայն՝ մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կան ազատազրկվածներ, որոնք դատապարտված են 10 և ավելի անգամ  նույն բնույթի  արարքը կատարելու համար: «Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ մնում է»,- նշել է նախարարի տեղակալը:

Ներկայացնելով ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը՝ քննարկման բանախոս, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ծառայության կիրառման դեպքում անձը պատիժը կրելու է ոչ թե ազատազրկման վայրում, այլ՝ համայնքում: Անդրադառնալով պրոբացիայի ծառայության վերաբերյալ փաստաբանական համայնքի վերաբերմունքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտություն կա:

Քննարկման նախաձեռնող անդամ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ կարևորել է մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծում ներառելու և օրենքի նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Այս իմաստով կարևոր նշանակություն է ունեցել ԵԽ միջազգային փորձագետ Մարտին Սեդոնի ելույթը, որում անդրադարձել է եվրոպական պրոբացիոն մեթոդներին և որոշ  օրինակների միջոցով  հարցադրումներ է արել վաղաժամկետ ազատման մեթոդի առավել հաճախ կիրառման հիմքերի և անհրաժեշտության մասին:

Ծավալված ակտիվ քննարկման մասնակիցները հայտնել են տարբեր կարծիքներ: Հիմնականում ողջունելով ծառայության անհրաժեշտությունը՝ դատավորները հետաքրքրվել են ծառայության համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծման և վարման հարցերով՝ բարձրացնելով անձնական տվյալների գաղտնիության ապահովման երաշխիքների խնդիրները: Չբացառելով  գործնականում առաջացող հնարավոր խնդիրները՝ դատավորները  զուգահեռներ են անցկացրել գործնականում քիչ կիրառվող այլընտրանքային պատժատեսակների և պրոբացիայի միջև:  Դատախազներին հետաքրքրել է պրոբացիոն ծառայության աշխատակիցների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության մեխանիզմները և այլընտրանքային պատիժների իրականացման կարգը: Ներկայացվել են նաև որոշ մտահոգիչ հարցեր, որոնց բանախոսները տվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպմանը կարևորվել է օրենքի մշակման ավարտական փուլում  մասնակիցների առաջարկությունների ներգրավման հնարավորությունը:

Բանախոսները ներկայացրել են նաև պրոբացիայի  կիրառման 2 պիլոտային ծրագրի մանրամասները՝ նշելով, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու և շտկելու պրակտիկայի ընթացքում առաջացող բացթողումները: Նախարարի տեղակալ  Սուրեն Քրմոյանը նշել է, որ  պրոբացիոն ծառայության ներդրումը նոր ինստիտուտ է Հայաստանի համար, ուստի Արդարադատության նախարարությունն ունի հնարավոր բոլոր առաջացող խնդիրները լուծելու առաքելություն՝ միաժամանակ անթույլատրելի համարելով կանխակալ կարծիքներով առաջնորդվելը: Ներկայացնելով նախարարության մոտեցումները՝ նախարարի տեղակալն   ընդգծել է, որ պրոբացիայի վերջնական ներդրմամբ 10 անգամ կրճատվելու են դատապարտյալների պահման ծախսերը, որոնք սկզբնական փուլում կուղղվեն շենքային պայմանների բարելավման և տեխնիկական հագեցվածության աշխատանքներին:

Սեմինարի մասնակիցները միակարծիք են եղել, որ պրոբացիայի ծառայության կայացման հարցում անհրաժեշտ է  դատաիրավական, իրավապահ ոլորտի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ հանձնառությունն ու համագործակցությունը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930