«Թուրքիայի ամենամեծ մեդիա կազմակերպություններից մեկը՝ «Դողան մեդիա հոլդինգը», չի դադարում իր հակաադրբեջանական քարոզարշավը: Մեր եղբայրական երկիր Թուրքիայում գործող հայկական մամուլի հետ համատեղ ԶԼՄ կառույցները, որոնք այս հոլդինգի անդամ են, կողմնակալ վերաբերմունք են ցույց տալիս Ադրբեջանի նկատմամբ: Մինչ Բաքուն հյուրընկալում է Եվրոպական խաղերը, «Դողանը» միացել է արեւմտյան մամուլի հակաադրբեջանական քարոզարշավին»,- այս մասին գրել է ադրբեջանական News.az կայքը:
Ըստ կայքի՝ այդ հոլդինգում ներառված «D» ալիքը, «CNN Turk»-ը, «Hurriyet»-ը, «Radical»-ը եւ այլ կազմակերպություններ Ադրբեջանի դեմ բացահայտ հայամետ դիրքորոշում են ցուցաբերում: «Բավական է հիշել այն փաստը, որ տեղի ունեցավ անցած տարի, երբ Ադրբեջանի բանակը խփեց հայկական ուղղաթիռը: Այդ տեղեկատվությունը «CNN Turk»-ը ուղեկցեց հետեւյալ վերնագրով. «Ադրբեջանը խփել է Լեռնային Ղարաբաղին պատկանող ուղղաթիռը»: Սա ցույց է տալիս, որ վերոհիշյալ հեռուստաալիքը հղում է կատարում միայն հայկական աղբյուրներին»:
«Դողան մեդիա հոլդինգը» նաեւ Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանները եւ չընկնել Ադրբեջանի ազդեցության տակ: ««Դողան մեդիա հոլդինգը», որն ունի հակաթուրքական եւ հակաադրբեջանական դիրքորոշում, ֆինանսավորվում է Արեւմուտքի որոշ շրջանակների կողմից եւ ձգտում է իր հետաքրքրությունները ներկայացնել որպես 5-րդ սյունյակ: Այսպիսի մեդիա կառույցներին ֆինանսավորելով հզոր երկրները ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունն օգտագործում են տարբեր երկրների վրա ճնշում գործադրելու համար»,- նշել է News.az-ը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ անդրադարձել էր նաեւ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ