Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիայի օր Զանգակատանը

Հունիս 18,2015 16:57

Պարույր Սևակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ Զանգակատանը` նրա տուն –թանգարանում, ավանդական դարձած Պոեզիայի օր էր: Պոեզիայի օրվան մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,  մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Գրողների միության անդամներ Գագիկ Դավթյանը,  Մանասեն, Դարիկո Խաչատրյանը, Հուսիկ-Արան, Էմին Սահյանը, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից, մտավորականներ, լրագրողներ, գրականագետներ:

Վթարի վայրում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Իլյիչ Շադյանը իրենց խոնարհումն արտահայտեցին` հուշակոթողին ծաղիկներ դնելով:

Լեփ-լեցուն տուն-թանգարանում միջոցառումը բացեց տնօրեն Ավետիք Գրիգորյանը: Ողջունելով Պոեզիայի օրվա մասնակիցներին` նա ասաց.

–         Այս լեփ-լեցուն դահլիճը և չդադարող հյուրերի հոսքը խոսում է այն մասին , որ Պարույր Սևակը մեր լեռնային պաղպաջուն, անապակ աղբյուրն է, որից ինչքան էլ խմենք` չենք հագենա:

Նա նշեց նաև, որ արդեն շահագործվում է տուն-թանգարանին կից կառույցը` Զանգակատունը` գրապահոցով, վարչական սենյակով, հանդիսությունների սրահով: Միջոցառումը «Կարին»ղեկավար Գրիգոր Համբարյանը շարունակեց էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ, Պարույր Սևակի խոսքերով գրված «Էրեբունի-Երևան» երգով: Ողջ դահլիճը ձայնակցում էր:

Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից ողջունելով Պոեզիայի օրվա մասնակիցներին` ասաց, որ Արարատի մարզում արդեն ավանդույթ է դարձել, որ Պարույր Սևակի ծննդյան և մահվան օրերը հիշարժան դառնան  Պոեզիայի օրով և  այսօր` նրա մահվան տարելիցի օրը  ևս բացառություն չէ:

Գրականագետ Արմեն Ավանեսյանն ասաց, որ Սևակ Զազարյանը` Պարույր Սևակի թոռը, հրապարակել է «Ամանամեջ» անտիպ գործը և շուտով պատրատվում է հրատարակելու միջնադարյան պոեզիայի մասին նրա վերլուծական-գրականագիտական հատորյակը: ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տուն-թանգարանին փոխանցեց Սևակի բրոնզաձույլ կիսանդրին: Նկարիչ Միքայել  Ավետիսյանը, որ ծնվել է նույն տարում, նույն օրը, Սևակի դիմանկար-կտավով հարստացրեց տուն-թանգարանի հավաքածուն:

Որմնանկարի դիմաց, որ պատկերում է Պարույր Սևակի ողջ կյանքը, դրված են գրակալներ` համապատասխան բանաստեղծություններով` գրված գրողի կյանքի տարբեր ժամանակահատվածներում:

Այգով մեկ հնչում է Պարույր Սևակի ձայնը: Նա հորդորում  հայ ժողովրդին անաղարտ պահել աստվածատուր հայոց լեզուն, ապրել Մարդ կոչմանը հասնելու համար, ճամփա տալ ճամփա բացողին և երբեք չելնել շալակն աշխարհի: Միջոցառումն ավելի հարուստ և բովանդակալից դարձրին <<Կարին>> երգչախմբի  «Սարդարապատ», «Կիլիկիա» և այլ երգերի կատարումները: Պոեզիայի օրը եզրափակվեց Զանգակատան դպրոցականների ելույթներով:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930