Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 158 մագիստրոս-շրջանավարտների հանձնվեցին ավարտական դիպլոմներ: Նրանցից 18-ը ստացան գերազանցության դիպլոմ: Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նշենք, որ Սրբազանը ամեն տարի գալիս է օրհնելու այս բուհի շրջանավարտներին: Նրանցից յուրաքանչյուրը երդվեց բարձր պահել մանկավարժի կոչումը, ծաղկեցնել հայ դպրությունը, բուհի հենակետային դպրոցի զինղեկ Հարություն Հարությունյանն էլ իր հայրենասիրական, խրոխտ երգով ավելի ոգևորեց շրջանավարտներին:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ Գյումրու աշխատանքային շուկան խիստ սահմանափակ է, դպրոցներում ուսուցիչներին են կրճատում, աշակերտների թիվն է նվազում, փակվում են նաև սպասարկման օբյեկտները, մենք շրջանավարտներից հետաքրքրվեցինք, թե կա՞ն շանսեր աշխատանք գտնելու այս քաղաքում, թե՞ ավարտելուց հետո իրենք էլ շատերի պես կլքեն հարազատ քաղաքը:
Շրջանավարտներից մեկը՝ Աննա Զաքոյանը, դժգոհեց, որ գործատուները բարեհամբույր չեն նորավարտների նկատմամբ, բացարձակ հաշվի չեն առնում, որ իրենք թեև աշխատանքային փորձ չունեն, բայց ունեն գիտելիքներ, ունակություններ:
Մեր հարցին, թե ինչպե՞ս եք դպրոցներում աշխատելու, երբ այնտեղ աշխատող ուսուցիչներն են գրեթե անգործ մնում, մեր զրուցակիցը պնդեց, որ իր՝ կրթության կազմակերպում մասնագիտության հաստիքն առկա է դպրոցներում, այն նոր մասնագիտություն է, սակայն այնտեղի աշխատողները չունեն համապատասխան դիպլոմ:
Շրջանավարտներից մեկն էլ`Մարիամ Գրիգորյանը, համոզված է, որ բոլոր այն ուսանողները, որոնք ուսանողական տարիներին իրենց գիտելիքներն ամրապնդել են նաև ոչ ֆորմալ կրթությամբ, կկարողանան Գյումրիում աշխատանք գտնել, թեկուզև թեթևակի ու ոչ այնքան համապատասխան: Սակայն, ըստ շրջանավարտի, Գյումրու շուկան իրոք շատ սահմանափակ է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ