Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Բո՜ւնտ, բո՜ւնտ, բոլորը հարցնում են՝ սոցիալական բունտ ե՞րբ կլինի»

Հունիս 18,2015 16:39

ԱԺ-ում ՀՀԿ-ականների կողմից բուռն քննադատության արժանացավ կառավարության հեղինակած «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Կառավարությունն այս անգամ ուզում է բարձրացնել ծխախոտի, օղու արտադրության, բենզինի, գազի ակցիզային հարկի դրույքաչափերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանը նիստում հայտարարեց, որ սա փռշտացող նախագծերից է: Նա քննադատեց կառավարությանը, որ փոխանակ վերլուծի, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում երկրում աղքատության ինչ մակարդակ է լինելու, ինչ փոխհատուցում պետք է տրամադրել բնակչությանը, որպեսզի աղքատության ցուցանիշը չբարձրանա, բերել ու նոր թանկացում է անում. «Մի տեսակ ձնագնդի եք սարքում, հիմա էլեկտրաէներգիան է թանկանում, հունվարից այս օրենքը ուժի մեջ կմտնի, իսկ հաջորդ տարվա աշնանը մեկ ուրիշ բան կանեք, հետո՞»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը, մեր հարցին՝ հաշվի առնելով, որ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները դեմ են այս նախագծին, հնարավո՞ր է այն բացառիկ դեպքերից լինի, որ ի դեմս ՀՀԿ-ի, կառավարության օրինագիծը տապալվի՝ պատասխանեց. «Վաղը առավոտը կերեւա: Լույսը կբացվի՝ բարին հետը: ՀՀԿ պատգամավորները, մինչեւ օրենքի մեջ քննարկելը, շատ հարցերում դեմ են: Շատ հարցեր ենք մենք քննարկում՝ համատեղ լուծում կայացնելու համար: Այս նախագծի՝ մասնավոր բնույթը կայանում է նրանում, որ նա շատ քննարկման փուլ չի անցել, իր սուբյեկտիվիզմը դրանում է կայանում, որ շատ փուլ չի անցել»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ նախագծի ընդունման արդյունքում 9 մլրդ դրամ հասարակության աղքատ շերտից վերցնելուց հետո 45 մլրդ պիտի ծախսեն, որ կարողանան աղքատությունը չավելացնել:

Ըստ Հակոբ Հակոբյանի, ճիշտ չի սպասել, որ ծխախոտի ակցիզային հարկի ավելացումը, որը կբերի ծխախոտի թանկացմանը, կկրճատի ՀՀ-ում ծխողների թիվը. «Նախ, ծխախոտն ու գազը չպետք է համեմատել իրար հետ, տարբեր ապրանքատեսակներ են, տարբեր նշանակություն ունեն: Եթե ծխախոտը քայքայում է մարդու առողջությունը սովորույթից ելնելով, ապա գազը օգնում է մարդուն՝ տնտեսությունը կամ կենցաղն ապահովելու համար: Սրանք տարբեր նշանակության ապրանքներ են, բայց միեւնույն է, ծխախոտի գների բարձրացումը բացարձակ չի նշանակում, որ մարդիկ կթողնեն ծխել: Ծխողները նորից կծխեն»:

Մեր հարցին՝ եթե այս թանկացումն էլ լինի, հնարավո՞ր է սոցիալական բունտ արդեն լինի՝ Հակոբ Հակոբյանը ճպպացրեց. «Բո՜ւնտ, բո՜ւնտ: Էս լրագրողների մոտ մի հատ բան կա՝ բոլորը հարցնում են՝ սոցիալական բունտ ե՞րբ կլինի: Բոլորդ տենց եք, ե՞րբ պիտի լինի սոցիալական բունտ՝ պրծնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930