Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում քննարկվող Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին ու «Ալյոտիգ» ընկերությանը, որին էլ ցանկանում են վստահել այդ գործը:
Տիկին Փոստանջյանը, կառավարության տեղեկանքը ձեռքին, հայտարարեց, թե այս կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես հայտնի չէ , այլ զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Սեփականատերերի անունները կապվում են սպանությունների և այլ հանցագործությունների հետ: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ծրագրի իրականացումից առաջ նախ պետք է համայնքի բնակիչների հետ լսումներ անցկացնեին:
Զարուհի Փոստանջյանն ասաց. «ՀՀ-ում ինչ-որ մի կազմակերպություն գոյություն ունի, որն ունի ռուսական ծագումով կապիտալ և պարզ չէ, թե ովքեր են այս կազմակերպության բաժնետերերը, դրանց անունները նաև առնչվում են սպանությունների ու այլ հանցագործությունների հետ»: Զարուհի Փոստանջյանը հորդորեց հետ վերցնել օրենքը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիկին Փոստանջյանին խնդրեց չվրդովվել ու Միմինո ֆիլմը հիշեց` «լիչնայա նեպրիյազն» արտահայտությունը և հայտարարեց, թե «Զարուհի Փոստանջյանը ռուսական կապիտալի նկատմամբ ունի «լիչնայա նեպրիյազն»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այս առիթով հիշեց իր ուսանողական տարիներն ու ոջիլի պատմությունը. «Ժողովուրդ ջան, դա հին ու լավ հասկանալի պրիյոմ է բոլոր պատգամավորների կողմից, երբ հասկանում ենք` կա մի հնչեղ թեմա, կարելի է դրան զուգահեռ խոսել այլ հարցերի շուրջ: Դա շատ վաղուց հայտնի ու բոլորիս ծիծաղը շարժած ոջիլի պատմությունն է անկախ նրանից, ձկի, թռչունի, թե ոչխարի մասին է խոսքը: Բայց մենք արդեն մեծացել ենք, լուրջ մարդիկ ենք, եկեք ոջիլից հեռանանք, ոջիլի սինդրոմը մեր մեջ հաղթահարենք»:
Տիկին Նաղդալյանը խոսեց նաև «ամեն ինչի մասին լավագույն մասնագետ» լինելու հիվանդության մասին ու շեշտեց, թե ամենալավը ամեն ինչից հասկանում է ընդդիմությունը. թվով քիչ են ու ուզում են բոլոր քննարկվող հարցերին անդրադառնալ ու ուսուցչի տոնով թելադրում են և քննադատում, եթե մենք ձեր տեղը լինեինք, տեսեք ոնց այդ թեմաները կմշակեինք:
Այնուհետև Շուրիկի արկածները ֆիլմի ոճով ասաց. «Մեզնից որևէ մեկը շատ ցանկանալու դեպքում անգամ չի կարող բոլոր գծերով մասնագետ լինել. իրավաբանության մեջ՝ յա, տնտեսագիտության մեջ՝ յա, հանքարդյունաբերության մեջ՝ յա, լիկոյորավոդոչնի՝ յա, ցեմենտնի՝ յա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ