Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերը

Հունիս 18,2015 16:14

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 2015 թվականի հերթական նիստը: Հասարակական խորհրդի անդամների բարձրացրած հարցերի հիման վրա ձևավորված նիստի օրակարգում ընդգրկված էին բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ պահպանության վիճակին, էկոտուրիզմին և ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Հայկական էկոտուրիստական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությունը, հեռանկարները և դրան խթանող միջոցառումները: Բանախոսն առաջարկել է մշակել էկոտուրիզմի զարգացման ռազմավարություն, ինչպես նաև համակարգել ԲՀՊՏ-ներում տարբեր ներդրումային ծրագրերով իրականացվող էկոտուրիզմի խթանման բաղադրիչները:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել խորհրդի նիստին որպես փորձագետ հրավիրված «Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը:

Շահագրգիռ քննարկման ժամանակ խորհրդի անդամները կարևորել են էկոտուրիզմի ճիշտ կազմակերպման, էկոտուրիստական գործունեության հավատարմագրման, ԲՀՊՏ-ներում այդ նպատակով պահպանման գոտիների ձևավորման և այլ հարցերը: Ամփոփելով առաջին հարցի քննարկումը` նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից գործնական քայլեր են արվում ազգային պարկերում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի ԲՀՊՏ-ների պահպանման համար անհրաժեշտ միջոցների ներգրավմանը:

«Քայլ» հասարակական կազմակերպության նախագահ Գալուստ Նանյանը ներկայացրել է ԲՀՊՏ-ներում կատարվող ներդրումների խնդիրը, որի համատեքստում խորհրդի քննարկմանն է ներկայացրել «Հանքավանի» ջրաբանական և «Որդան կարմիր» պետական արգելավայրերի վիճակը: Ըստ բանախոսի դիտարկումների` արգելավայրերը պատշաճ կարգով սահմանազատված չեն հարակից համայնքային տարածքներից, ինչի արդյունքում արգելավայրի ռեժիմի խախտումներ են արձանագրվում: Գ. Նանյանն առաջարկել է մասնավորապես «Որդան կարմիր» պետական արգելավայրի տարածքները ցանկապատելու համար միջոցներ ներգրավել: Զեկուցողը բարձրացրել է նաև արգելավայրի հարակից տարածքների համայնքների բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ ծավալելու հարցը:

Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Որդան կարմիր» պետական արգելավայր կատարած իր այցի ժամանակ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արգելավայրի սահմանազատման ուղղությամբ: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նախագահ Ռուբեն Խաչատրյանն, անդրադառնալով հասարակության իրազեկման խնդիրներին, հասարակական խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Երևանի կենդանաբանական այգում նախատեսվում է ստեղծել ԲՀՊՏ-ներին վերաբերող տեղեկատվական կենտրոն, ինչը թույլ կտա այգու բազմահազար այցելուներին տեղեկատվություն տրամադրել բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոտուրիստական ծառայությունների մասին:

Ամփոփելով նիստը` Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ ու օգտակար քննարկման համար, նկատել, որ իրենց բարձրացրած հարցերով հասարակական կազմակերպություններն աջակցում են ՀՀ բնապահպանության նախարարությանը` խնդիրների լուծման հարցում: Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է օպերատիվ կերպով կազմակերպել քննարկումներ և արձագանքել հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հրատապ հարցերին:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930