Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու փորձի եւ դրան օժանդակելու համար:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրանցից մեկը Վահե Կիրակոսյանն է՝ Պոլիտեխնիկի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախկին վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի արդեն նախկին տեղակալը: Վերջինիս բջջայինն անջատված էր, ու նրանից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իսկապես երկու անձի մեղադրանք է առաջադրվել. «Մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին 34-178-րդ հոդվածի՝ 2-րդ մասի երկրորդ կետով, այսինքն, որ փորձել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից հափշտակել 1 476.950 դրամի գումար: Նույն համալսարանի նախկին աշխատակցի օժանդակությամբ են փորձել այդ գումարը հափշտակել: Մեղադրանք է առաջադրվել նաեւ համալսարանի նախկին աշխատակցին 38-34-178-րդ հոդվածի՝ 2-րդ մասի երկրորդ կետով»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ոստիկանության եւ քննչական կոմիտեի կողմից խուզարկություն էր կատարվել Պոլիտեխնիկի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախկին վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի եւ Վահե Կիրակոսյանի բնակարաններում՝ Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում, ինչը կրկին հաստատել էր Սոնա Տռուզյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ