«ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Մովսես Հակոբյանի ազատման մեջ պետք չէ փնտրել որեւէ հետին միտք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Նա նշեց, որ յուրաքանչյուր նշանակում մանրակրկիտ վերլուծության եւ նաեւ կարողությունների վերլուծության արդյունքում է լինում: Հարցին, թե կարծիք կա, որ Մովսես Հակոբյանն իր՝ նախարարի ճանապարհով է գնում, այդպես քայլեր են կատարվում Սեյրան Օհանյանին նախագահական գործընթացներին ներգրավելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Դրա մեջ որեւէ հետին միտք պետք չէ փնտրել: Ընդհակառակը՝ աջակցենք բանակին այս դժվարին իրավիճակում, ծանր, զրկանքներով ու շատ դեպքերում դաժանություններով լի իրականության մեջ: Բանակը կպահպանի իր մարտական ոգին` ի հաշիվ այդպիսի խելացի հրամանատարների»:
Մեկ այլ հարցի, թե այդ տրամաբանությամբ ստացվո՞ւմ է, որ Մովսես Հակոբյանը չէր համապատասխանում պահանջներին, նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր տեղափոխություն մարտական ոգու համար ենք իրականացնում: Դուք` լրագրողներդ, յուրաքանչյուր բառի մեջ հետին միտք եք փնտրում: Մովսես Հակոբյանը բավականին երկար ժամանակ` 8 տարի, եղել է այնտեղ պաշտպանության բանակի նախարար ու հրամանատար, փորձե՛ք 8 տարի ղեկավարել այդպիսի լարված իրավիճակում, անկասկած, անհրաժեշտ են տեղափոխություններ: Յուրաքանչյուր տեղափոխություն բերում է թարմություն, ինչու չէ նաեւ Զինված ուժերի շտաբում կբերի թարմ միտք ու կապահովի հրամանատարների սերնդափոխությունը եւ բոլոր կառույցների շարունակական զարգացումը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ